Հաջորդ կանգառը՝ Լուսին․ 50 տարվա դադարից  հետո մարդկությունը կրկին թռչում է Լուսին

Ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո Լուսինը կրկին դառնում է տիեզերագնացների գլխավոր ուղղությունը։ Ապրիլի 2-ին Ֆլորիդայի տիեզերակայանից Լուսնի ուղեծիր է թռել ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը։ «Արտեմիս 2-րդ » առաքելությունն արդեն պատմական է համարվում ոչ միայն տեխնոլոգիական հզորության, այլև անձնակազմի առումով․ Լուսին ուղևորվող տիեզերագնացներից մեկը կին է, մյուսը՝ աֆրոամերիկացի:

1972-ին ամերիկյան «Ապոլոն-17» տիեզերանավի թռիչքից ավելի քան 50 տարի հետո մարդը կրկին ուղևորվում է Լուսին։ «Արտեմիս 2-րդ» առաքելության չորս տիեզերագրացներ թռել են դեպի Երկրի արբանյակ։ Սակայն Լուսնի վրա վայրէջք չի նախատեսվում․ այս անգամ նրանց առաքելությունը պտտվելն է Լուսնի շուրջը՝ բացելով վերադարձի ճանապարհը ապագա վայրէջքների համար։

«Արտեմիս 2-րդ» լուսնային առաքելությունը  հաջողությամբ մեկնարկել է ապրիլի 2-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 00:35-ին։ Չորս տիեզերագնացի տեղափոխող «Օրիոն» տիեզերանավը օդ է բարձրացել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից։

Անձնակազմի անդամներն են Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Քոչը և Վիկտոր Գլովերը։

«Լուսնային» անձնակազմն այս անգամ բացառիկ է․ Գլովերը առաջին աֆրոամերիկացի տիեզերագնացն է, իսկ Քոչը՝ առաջին կին տիեզերագնացը, որը մասնակցում է լուսնային առաքելության։ Նրանք 10 օր կպտտվեն Լուսնի շուրջը և կվերադառնան Երկիր։

«Արտեմիս 2-րդ»–ի անդամներից երեքը NASA-ի փորձառու տիեզերագնացներ են, որ եղել են Միջազգային տիեզերակայանում։

47-ամյա Քրիստինա Քոչը 2019-ին ամենաերկար անընդմեջ տիեզերական թռիչքի ռեկորդ սահմանեց որպես կին։ Նա Միջազգային տիեզերակայանում անցկացրեց 328 օր։ Քոչը NASA-ի առաջին տիեզերական զբոսանքներին մասնակցած երեք կանանցից մեկն էր։

Դեպի Լուսին ուղևորվող առաջին կին տիեզերագնացը խոստանում է, որ մարդկությունը երկար կհիշի իրենց առաքելություն մասին․

«Մեր առաքելությունից առաջ և հետո՝ ընդհուպ «Արտեմիս-100»  առաքելությունը, մարդիկ կիմանան, որ մենք այնտեղ ոչ միայն եղել ենք անցյալում, այլև լինելու ենք ապագայում։ Մենք այնտեղ մարդկանց ենք ուղարկում, որովհետև մարդկությունը պետք է շարունակի հետազոտել»։

Առաքելության հրամանատար 50-ամյա Ռիդ Ուայզմանը 2014–ին 165 օր է անցկացրել Միջազգային տիեզերակայանում: ԱՄՆ ռազմածովային ուժերի փորձարկող օդաչուն հետագայում դարձել է NASA-ի գլխավոր տիեզերագնացը:

Ռիդ Ուայզմանը այսպես է ներկայացնում 10-օրյա առաքելության նպատակը․

«Ճանապարհին անձնակազմը կանցկացնի տիեզերանավի լրացուցիչ, ավելի մանրամասն ստուգումներ։ Իսկ երբ մենք թռչենք Լուսնի հակառակ կողմի վրայով, անձնակազմը մեկ օր կհատկացնի դիտարկումներին։ Նրանք, ըստ էության, կներկայացնեն իրենց դիտարկումները Լուսնի հակառակ կողմի վերաբերյալ, որը մարդիկ երկար ժամանակ չեն տեսել։ Դա հիանալի հնարավորություն կլինի»։

Անձնակազմի մյուս անդամը49-ամյա Վիկտոր Գլովերն է։ 2020–ին 168 օր է անցկացրել տիեզերքում։ Նա առաջին սևամորթ տիեզերագնացն է, որը մասնակցում է լուսնային առաքելության։

Մեկնարկից առաջ NASA-ն հայտնել էր, որ աշխարհի ամենահզոր հրթիռը՝ Space Launch System-ը, շուրջ 5 ժամում լիցքավորվել է ավելի քան 2,65 մլն լ կրիոգեն վառելիքով։ Տիեզերանավի թռիչքը մեկ անգամ արդեն հետաձգվել էր տեխնիկական պատճառներով։

«Օրիոն»-ի մեկնարկը սկզբնապես նախատեսված էր 2026–ի մարտին, սակայն փետրվարի 21-ին NASA-ի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ այն հետաձգվել է «անորոշ ժամանակով»։ Ինժեներները խնդիր են հայտնաբերել SLS կրող սարքի հելիումի մատակարարման հետ կապված, որը նախատեսված է տիեզերանավը Երկրի ցածր ուղեծիր ուղարկելու համար»։

Տեխնիկական շտկումներից հետո՝ մարտի 20-ին, հրթիռը տեղադրվել է Ֆլորիդայի մեկնարկային հրապարակում։

«Արտեմիս 2-րդ» ծրագրի վերջնական նպատակը մարդկանց դարձյալ Լուսին իջեցնելն է։ NASA-ի գիտնականները հնարավոր են համարում, որ մարդը կարող  որոշ ժամանակ մնալ Լուսնի վրա։ Երկրի արբանյակի հարավային բևեռի մոտ գտնվող խառնարաններում սառույց է հայտնաբերվել։ Գիտնականների կարծիքով՝ այն կարող է ծառայել որպես խմելու ջրի աղբյուր։ Դա լուսնային կյանքի գաղափարը դարձնում է շատ ավելի իրատեսական։

«Նախատեսվում է կառուցել լուսնային կայան, որտեղ մարդիկ մշտապես կլինեն գիտական հետազոտություններ կատարելու, Լուսնից օգտակար հանածոներ արդյունահանելու և ուսումնասիրելու համար, թե ինչպես մենք կարող ենք ապրել մեկ այլ երկնային մարմնի վրա։ Նաև նախատեսվում է Լուսնի ուղեծրում կառուցել տիեզերական կայան, որը կծառայի որպես դարպաս դեպի նրա մակերևույթը, իսկ ապագայում՝ նաև միջանկյալ փուլ դեպի Մարս տանող ճանապարհին»։

Ամերիկյան «Ապոլոն-17»-ը վերջինն էր, որ 1972–ին ուղևորվեց Լուսին։ Սակայն այդ առաքելության ծախսերն աստղաբաշխական էին, և քաղաքական առաջնահերթությունների փոփոխության պատճառով լուսնային ծրագիրը դադարեցվեց, թեև մինչև այդ նոր թռիչքներ էին պլանավորված։

Այժմ կրկին սկսվել է տիեզերական մրցավազքը։ NASA-ն թռիչքների մի ամբողջ շարք է նախատեսում՝ Կանադայի և եվրոպական երկրների մասնակցությամբ։ Սակայն Չինաստանը ևս պատրաստվում է մարդ ուղարկելու Լուսին՝ մինչև 2030 թվականը։ Իսկ Հնդկաստանը մտադիր է նման թռիչք կատարելու մինչև 2040 թվականը։

Leave a Comment