Ի՞նչ լիազորություններ ունի պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա և պետական պահպանություն իրականացնող մարմին է: Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով: Ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին և իր թիկնապահի կողմից 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածի դեպքին, նշել է, որ «ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ գործադրել, զենք էլ կիրառել, եթե իր պաշտպանյալին վտանգ է սպառնում»։

 Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին  ՀՀ օրենքը սահմանում է՝

Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում ծառայության վրա դրված պարտականությունների կատարումը։ Ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելու ընտրություն կատարելիս ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից։

2. Ֆիզիկական ուժ գործադրելիս, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելիս ծառայության ծառայողը պարտավոր է՝

  1. նախազգուշացնել դրանք գործադրելու (կիրառելու) մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, ծառայության կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
  2. դրանք գործադրել (կիրառել) իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
  3. մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։

Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների և (կամ) հրազենի կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն

  • Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման, դրանք կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար։

Ծառայության ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ կիրառելու հետևյալ դեպքերում.

  • 1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.
  • 2) ծառայության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.
  • 3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.
  • 4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս։

Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում ծառայության ծառայողն իրավունք ունի կիրառելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։

Leave a Comment