
Արևմտամետները «մասնագիտորեն գայթակղում են» Հայաստանին, և մինչ այժմ դա աշխատում է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։
«Ի տարբերություն արևմտամետների, որոնք կոչ են անում Հայաստանին սահմանափակել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Փաշինյանն ուղիղ ասում էր, որ Հայաստանում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, բայց փաստերն այլ բան են ասում։ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։ Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի թշնամական դաշինք։ Նման սցենարը ծանր հետևանքներ կունենա»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Ալեքսեյ Օվերչուկը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կրճատել է Ռուսաստանի հետ տրանսպորտային համակարգի ապաշրջափակման հարցում համագործակցությունը և, որպես արդյունք, ՌԴ փոխվարչապետի խոսքով, բախվում է նոր լուրջ սպառնալիքների․
«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում նրանց ապագայի վերաբերյալ», – նշել է նա։
ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերել է ՀԷՑ-ի հետ կապված միջադեպը՝ հավելելով, որ Ռուսաստանում «ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով»։ Իսկ գործողությունները, ըստ Օվերչուկի, ցույց են տալիս, որ նախ խլվել է մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացվում է երկաթուղու կոնցեսիայի հարցը։