Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են Իրանում իրականացվող գործողությունների իրենց նպատակներին։
19 րոպե տևած ելույթում նա նշել է, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կողմը, իր խոսքով, ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային կարողությունները, ինչպես նաև լրջորեն խաթարել է Թեհրանի բալիստիկ հրթիռային և միջուկային ծրագրերը։
«Մենք ունենք բոլոր խաղաքարտերը, իսկ նրանք՝ ոչ», – հայտարարել է նա։
«Հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք նրանց կհասցնենք ուժեղ հարվածներ։ Մենք նրանց կվերադարձնենք քարե դար», – ասել է Թրամփը։
Նա իր ելույթում չի անդրադարձել Իրանի հետ հնարավոր բանակցություններին և չի հիշատակել նաև Հորմուզի նեղուցի բացման համար ապրիլի 6-ին Թեհրանին ներկայացված վերջնաժամկետը։