Ռուսաստանցի ԱԷԿ-ի շինարարները մրցակից չունեն, եթե Հայաստանի համար ընտրությունը ազնիվ լինի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Այս պահին խոսքը գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման եւ հետագայում նոր էներգաբլոկների կառուցման մասին է։ Մենք վստահ ենք, որ եթե ընտրությունը լինի ազնիվ, ապա ռուսական ատոմագետները մրցակիցներ չունեն։ Ռուսաստանը այսօր իրականացնում է մեծ հզորության 26 եւ փոքր հզորության 2 էներգաբլոկների կառուցում աշխարհի 9 երկրում՝ 127 մլրդ դոլար ընդհանուր պատվերների ծավալով։ Բացի այդ, Ռուսաստանում կառուցվում է եւս 14 էներգաբլոկ։ Սա շատ խոշոր միջազգային բիզնես է, որտեղ մեր երկրին հավասարը չկա»,- ասել է նա։
Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոքր հզորության մոդուլային էներգաբլոկներով եւ նշել, որ առայժմ «Ռոսատոմ»- ից բացի ոչ ոք չի տիրապետում դրանց ստեղծման եւ շահագործման գործող տեխնոլոգիաներին։
Հայաստանի ատոմային ոլորտում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, եւ նրանք այս մասին լավ գիտեն»,- ընդգծել է Օվերչուկը։
Նա անդրադարձել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու մասին Հայաստանի առաջարկին եւ նշել, որ դրա համար որեւէ օբյեկտիվ պատճառ չկա։
Օվերչուկը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման տակ գտնվող հատվածներում երթեւեկության արագությունը ցածր է։
«Մինչեւ 2008 թվականին ռուսական երկաթուղայինների վերադարձը Հայաստան, հայկական երկաթուղում միջին արագությունը կազմել է 26,4 կմ/ժ։ 2025 թվականին ռուսական կառավարման պայմաններում այդ ցուցանիշը հասել է 42,3 կմ/ժ», — արձանագրել է Օվերչուկը։ «Մեր տվյալներով՝ սա առայժմ ամենաբարձր միջին արագությունն է Կովկասի երկաթուղիների շրջանում»,- նշել է փոխվարչապետը։
«Հայաստանը լեռնային երկիր է, եւ երթեւեկության արագության բարձրացման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, ինչը նշանակում է կամ սեփական միջոցների օգտագործում, կամ վարկային միջոցների ներգրավում եւ դրանց վերադարձի ապահովում, ինչը կրկին հանգեցնում է սակագների բարձրացման կամ սուբսիդավորման,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա զգուշացրել է երկաթուղային կոնցեսիայի վաճառքի դեպքում հնարավոր լուրջ հետեւանքների մասին։
«Առաջարկվող վաճառքի արդյունքում հայկական երկաթուղին ոչ միայն կկորցնի ռուսական բեռները, այլեւ, ամենայն հավանականությամբ, համագործակցությունը «Ռուսական երկաթուղիներ»- ի հետ»,- ասել է Օվերչուկը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստան ռուսական եւ ղազախական բեռների տեղափոխումը երկաթուղով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով շահավետ է բոլորի համար։