Էլեն Բադալյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը հանդիպել են Երևանում

Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պատրաստվում է ընտանիք կազմել։ Ֆուտբոլիստի ընտրյալը 18-ամյա երգչուհի Էլեն Բադալյանն է։

Օրերս զույգը հանդիպել է Երևանում, ինչի մասին վկայում են երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված համատեղ լուսանկարները՝ «Վերջապես. Երևանում» մակագրությամբ։

Զույգը նշանադրվել է 2025 թվականի վերջին։ Վերջերս StarHit-ին տված հարցազրույցում Էլեն Բադալյանը, ով լայն լսարանին հայտնի դարձավ «Ну-ка, все вместе!» ռուսական հեռուստաշոուից, բացահայտել է Ռանոսի հետ ծանոթության և սպասվող հարսանիքի մանրամասները։

Ըստ Էլենի՝ իրենց ծանոթությունը նախաձեռնել է հենց հայ ֆուտբոլիստը՝ տեսնելով իրեն հեռուստանախագծում.

«Եթե չլիներ այդ նախագիծը, նա ինձ չէր տեսնի և սոցիալական ցանցերում հաղորդագրություն չէր գրի։ Մենք շարունակեցինք շփվել, չնայած տարբեր երկրներում ապրելուն, ինչը բավականին դժվար է։ Բայց մեր միությունը վերջապես կայացավ։ Հարսանիքը կարող է լինել հաջորդ ամռանը։ Կարող եմ վստահաբար ասել՝ այն կլինի Հայաստանում, քանի որ դա մեր ընդհանուր երկիրն է։ Ես մեծ տոնակատարություն չեմ ուզում. նախընտրում եմ, որ այն լինի ընտանեկան, ոճային, նրբագեղ և ջերմ»,- ասել է Էլենը։

Երգչուհին անկեղծացել է, որ իր համար սկզբունքային էր գտնել մեկին, ով կընդունի իր մասնագիտությունը։ Հրանտ-Լեոն Ռանոսն ու նրա ընտանիքն այդ հարցում լիովին աջակցում են Էլենին.

«Ինձ համար կարևոր էր, որ այդ մարդը բարի լիներ, խելացի և ընդուներ ինձ ու իմ կարիերան: Եվ դա տեղի ունեցավ: Ես երբեք չեմ հրաժարվի երաժշտությունից և շոու-բիզնեսից: Նշանվեցի 18 տարեկանում, ճիշտ ինչպես մայրս։ Սկզբում հայրս մի փոքր զարմացավ և նույնիսկ բարկացավ, բայց երբ հանդիպեցինք Ռանոսի հետ, ամեն ինչ կարգավորվեց։ Իմ նշանածի ընտանիքը նույնպես շատ լավ է վերաբերվում ինձ»-անկեղծացել է երգչուհին։

 

Leave a Comment