«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը գործընկերների հետ միասին վերաքննիչ բողոք և հրատապ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ փոխելու 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը և վերացնելու վերջինիս նկատմամբ կիրառված կալանքը, հայտնել է նա իր հրապարակած տեսանյութում։
Մինասյանը կալանավորվել էր այսօր 2 ամսով՝ Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո խուլիգանության մեղադրանքով։
Ըստ փաստաբանի՝ դատարանն ուղղակի անտեսել է մարդասիրության սկզբունքը՝ ցուցաբերելով իրավական ժխտողականություն։ Նրա խոսքով՝ այն հիմնավորումները, որոնք տրվել են դատարանի կողմից, իրավաբանությունից հեռու են։
«Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ավելի մեծ արժեք կարևորենք։ Դա մարդասիրության սկզբունքն է, Սահմանադրական դատարանը հենց վերջերս, երբ ընդգծել էր, որ տնային կալանք պետք է ավելի հաճախ կիրառվի, որ տնային կալանքը և կալանքը համարժեք խափանման միջոցներ են, ընդգծել էր մարդասիրության կարևորությունը»,- հիշեցրել է նա։
Վարդևանյանի խոսքով՝ դատական նիստի ժամանակ մանրամասն քննարկվել են ֆիզիկական ներգործության կադրերը և մատնանշել, որ ներգործությունը մեկնարկել է ՊՊԾ ծառայողի նախաձեռնությամբ, այսինքն Մինասյանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում։
«Այս հանգամանքները դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացվեցին, զննվեցին, քննարկվեցին, բայց ոչ մի իրավական արդյունք չտվեցին»,- պարզաբանեց Վարդևանյանը։
Եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ նրանք 18 տարեկան են, աշակերտներ են, իսկ ձերբակալված երրորդ անձը նրանց հետ առնչություն չունի: Երրորդ ձերբակալվածը «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանն է, որը նույնպես ներկա էր պատարագին։ Բացի այդ, ըստ փաստաբանի, եղբայրներն անազատության մեջ չեն կարող գտնվել առողջական խնդիրների պատճառով:
