1 ապրիլի 2026 – 18:04 AMT
PanARMENIAN.Net – Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թարմացրել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և զբաղեցրել 106-րդ տեղը։
Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում անցկացրել է ընկերական հանդիպում Բելառուսի հավաքականի հետ և պարտվել 1։2 հաշվով։ Բելառուսի հավաքականը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 97-րդ տեղը։
Վարկանիշային աղյուսակի առաջատարը դարձել է Ֆրանսիայի հավաքականը, երկրորդ հորիզոնականում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, իսկ երրորդը՝ աշխարհի չեմպիոն Արգենտինան, հայտնում է Factor.am-ը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան զբաղեցրել է 81-րդ տեղը, Կիպրոսը՝ 126-րդը, իսկ Լատվիան՝ 137-րդը։
Հունիսին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ղազախստանը գտնվում է 110-րդ, իսկ Մոլդովան՝ 159-րդ հորիզոնականում։