Արամ Ա-ն և Լիբանանի նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Արամ Ա-ն և Լիբանանի նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

1 ապրիլի 2026 – 15:32 AMT

PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը:

Նրանք անդրադարձել են երկրի անվտանգության ու ներքին կայունության հարցերին:

«Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն և հրամայական է, մանավանդ ճակատագրական այս պահին: Հավատում ենք, որ սա է յուրաքանչյուր լիբանանցու մոտեցումը: Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից և համախմբվել մեր հայրենիքի գերագույն ու միասնական շահերի շուրջ»,– ասել է Կիլիկիո կաթողիկոսը։

Նա նաև դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացված հարձակումները։

«Իսրայելի մուտքը հարավային Լիբանան և շարունակուող ռմբակոծումները ու սպանութիւնները խստորեն դատապարտելի են: Իսրայելի քայլերը հակասում են միջազգային օրենքին: Հետևաբար, միջազգային համայնքը ու մանավանդ Լիբանանի բարեկամ երկիրներն անտարբեր չպետք է մնան»,-ասել է Արամ Ա-ն:

Մարտի 16-ին Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին: Ավելացել են երկրի հարավային և արևելյան շրջաններին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններին և կենտրոնին հասցվող հարվածները:

Leave a Comment