Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը վիրահատվել է – armeniatoday.am

Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը վիրահատության է ենթարկվել, Instagram-ի իր էջում հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը:

Նրա խոսքով՝ Էուլջեքջյանն արդեն դուրս է եկել վիրահատությունից և իրեն լավ է զգում:

«Զարմանալի է, որ դեռևս ուժ է գտնում ժպտալու՝ չնայած ցավին: Նա ուժեղ է և անպայման կվերականգնվի»,- գրել է Լինդա Էուլջեքջյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ամուսնուն վիրահատություն է սպասվում և կոչ արել աղոթել նրա առողջության համար:

Նախկինում Լինդա Էուլջեքջյանը Pastinfo-ին հայտնել էր, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո ամուսնու մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Նրա խոսքով՝ Վիգենն առանց կորսետի չի կարողանում շարժվել և խլացել է մի ականջից: Նա նաև նշել էր գերության հնարավոր հոգեբանական հետևանքները. Էուլջեքջյանը տառապում է անքնությամբ, հաճախ վերապրում է ապրածը և դժվարությամբ է տանում մենակությունը:

Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ ռազմական գործողությունների ավարտից մեկ օր անց: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին էր հանձնել Էուլջեքջյանին, Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին և Վագիֆ Խաչատրյանին:

Leave a Comment