Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռը խոցվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։

«Բալիստիկ զինամթերքը, որը, ըստ տվյալների, արձակվել էր Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներով», – ասված է հաղորդագրությունում։

Թուրքական կողմը նաև ընդգծել է, որ վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը երկրի տարածքի և օդային տարածքի նկատմամբ ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։

Բացի այդ, նշվում է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին՝ առաջնահերթություն տալով ազգային անվտանգությանը։

Leave a Comment