Հանձնաժողովի անդամները հանդիպել են լիտվացի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը մարտի 30-ին հանդիպել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերությունները` այդ համատեքստում նշելով, որ պատվիրակության այցը համընկնում է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են աշխարհաքաղաքական իրադարձություններին, պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերին, խաղաղության օրակարգին, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, ոլորտում Մերձբալթյան երկրների փորձի ուսումնասիրությանը, արհեստավարժ բանակ ունենալուն ուղղված միջոցառումներին եւ այլ հարցերի:

Կարեւորվել է խորհրդարանական համագործակցությունը ոլորտային հանձնաժողովների միջեւ:

Leave a Comment