
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Ղազախստանի արհեստական բանականության և թվայնացման նախարարության հետ։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկը, որի մաս էլ կազմում է Հայաստանի կառավարության նախկին ղեկավարի գլխավորած կառույցը։
«Փաստաթղթի նպատակն է զարգացնել ռազմավարական գործընկերություն արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և թվային նախագծերի աջակցության ոլորտում: Համագործակցության հիմնական ոլորտներն են արհեստական բանականության համատեղ նախագծերի բացահայտումը և իրականացումը, փորձի փոխանակումը և կողմերի ներուժի ամրապնդումը որպես արհեստական բանականության ոլորտում գերազանցության կենտրոններ:
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի գործընկերության խորացման գործում և համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի՝ համապատասխան երկրի արհեստական բանականության զարգացման ռազմավարական նպատակներին», – ասված է հաղորդագրությունում։
Տիգրան Սարգսյանը, ով զբաղեցնում է նաև Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահի պաշտոնը, հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվայնացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները, առաջնահերթ նախագծերը և տնտեսության հիմնական ոլորտներում արհեստական բանականության ներդրմանը նպաստող գործիքները։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2025 թվականը բանկի համար ռեկորդային տարի էր Ղազախստանում իրականացված նախագծերի քանակով, որոնք ուղղված էին պետական կառավարման թվայնացմանը, հարթակային լուծումների մշակմանը և արհեստական բանականության ներդրմանը։
Տիգրան Սարգսյանի ղեկավարած Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսին: Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԶԲ անդամ պետություններում թվային փոխակերպման գործիքների և պրակտիկայի զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման և նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու միջոցով: Հիմնադրամի առաջատար նախագիծը «Ճանապարհորդություն առանց COVID-19-ի» հավելվածն է, որը հաջողությամբ օգտագործվել է ԱՊՀ 9 երկրներում: