28 մարտի 2026 – 11:20 AMT
PanARMENIAN.Net – Իրանում առաջին հայն է զոհվել այդ երկրի դեմ ԱՄՆ և Իսրայելի հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Մարտի 26-ին Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը»,–ասաց Շահնազարյանը։
Ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։
Այս պահին դժվար է ասել հայ համայնքի` Նոր Ջուղայի մշակութային ժառանգությունը տուժել է, թե ոչ։
«Սպահան քաղաքում է գտնվում Ամենափրկիչ վանքը և մյուս հայկական եկեղեցիները, անգամ դպրոցի հին շենքերը, հին տները, առաջնորդարանի շենքը, գրադարանը, Մատենադարանը համարվում են պատմամշակութային ժառանգություն։ Եթե դրանցից որևէ մեկը վնասված լիներ, հաստատապես իրանական մամուլը անմիջապես կարձագանքեր։ Կարելի է ենթադրել, որ դրանք վնաս չեն կրել»,–ասել է Շահնազարյանը:
Նա հավելել է, որ զոհվածը Իրանի քաղաքացի է, սակայն նրա տարիքի, մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: