27 մարտին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեան հանդէս եկաւ մամլոյ ասուլիսով եւ ամփոփեց խորհրդարանական շաբաթը, նաեւ պատասխանեց լրագրողներուն հարցումներուն:
Ան անդրադարձաւ հիմնական երեք կէտերու, որոնք կը վերաբերին ներհայաստանեան զարգացումներուն.
«Ես ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել երեք կէտի վրայ: Նախ ուզում եմ դուք ինքներդ էլ հարցնէք, թէ Նիկոլ Փաշինեանը ի՞նչ ընկերաբանական հարցումներ է ստանում, ինչպիսի՞ն է նրա մօտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով: Ինչքան վատ պիտի լինի որեւէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրայեղ քայլի, որովհետեւ, այո՛, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրայեղ քայլ է:
«Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրութիւն հրաւիրել այն է, որ մեզ արդէն տեւական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկայ է հիպրիտային (խառնածին) սպառնալիք, որ ընտրութիւններից առաջ այդ սպառնալիքը սրւում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայութիւնը իր զեկոյցում անդրադառնալուց բացի մի առանձին յայտարարութեամբ հանդէս եկաւ, նշեց, որ բացայայտուել է յստակ երկրի յատուկ ծառայութեան միջամտութեան դէպք: Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, չակերտաւոր ինքնիշխաններին: Եթէ յստակ դէպքեր են բացայայտուել: Եթէ այդքան յստակ տեղեկութիւններ ունէք, ինքնիշխաններ, ինչո՞ւմն է խնդիրը, որ կաշկանդուած էք տալ այն պետութեան անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը: Ինչպէ՞ս կարող է ինքնիշխանութիւնը ունենալ սահմանափակում, ինչի՞ց էք վախենում ընդհանրապէս, ի՞նչ կաշկանդում ունէք: Դա հէնց ինքնիշխանութեան սահմանափակում չէ՞ արդեօք, որ դուք նկարագրում էք սպառնալիք չափազանց յստակութեամբ, բայց կաշկանդուած էք ասել` ո՞ր երկրից է գալիս այդ սպառնալիքը, իսկ գուցէ չէք ասում, որ գնաք Պրիւքսել, մի բան ասէք, գնաք Մոսկուա, մէկ այլ բան ասէք:
«Սա երկրորդ դրուագը եւ երրորդ դրուագը, որի վրայ ձեր ուշադրութիւնը ուզում եմ հրաւիրել: Դուք այս վերջին ամիսներին յատկապէս ականատես էք եղել, թէ ինչպէ՛ս են էլի փորձում մեր ուժի նկատմամբ: Ի՞նչ են ասում, ասում են` «Հայաստան» խմբակցութիւնը գալու է եւ Գիւմրի երկու բեմադրութիւն է իրականացնելու: Սպառնում են Գիւմրի երկուսով, չնայած Գիւմրիում որեւէ հակաօրինական բան տեղի չի ունեցել եւ ինչ տեղի է ունեցել, դա օրինականութեան, քաղաքականութեան շրջանակներում է: Աւելի՛ն, «Քաղաքացիական պայմանագիր»-ն չի բողոքարկել Գիւմրիի ընտրութեան արդիւնքները: Բայց յաջորդ նախադասութեամբ ասում են «Հայաստան» խմբակցութիւնը շեմը յաղթահարելու առիթ չունի: Ես կոչով եմ դիմում, կողմնորոշուէք` վերջը մենք շեմը չե՞նք յաղթահարելու, թէ՞ գալու ենք` Գիւմրի երկուս ենք անելու: Այս երկու յայտարարութիւնները իրար հակասում են ճիշդ էնպէս, ինչպէս հակասում են ձեր յայտարարութիւնները խաղաղութեան մասին ու այն մասին, որ Ալիեւը մեր դէմ պատերազմի է պատրաստւում», ըսաւ ան:
Լրագրող մը դիտել տուաւ, որ «Ուժեղ Հայաստան»-ը յայտարարեց, որ բացառուած է գործակցութիւն Քոչարեանին հետ` հարց տալով, որ «Հայաստան» խմբակցութիւնը արդեօք պատրա՞ստ է քուէարկել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հաշուոյն. Քրիստինէ Վարդանեան շեշտեց, որ ամէն ինչ պիտի ընեն Հայաստանի մէջ իշխանափոխութեան հասնելու համար: «Հայաստանում, այո՛, պէտք է իշխանութեան գայ մարդ, ով ամէնից շատ քուէն է ստացել ժողովրդի կողմից: Մենք չենք առաջնորդուելու, որ պարտադիր մեր թեկնածուն առաջադրուի», նշեց ան: