Կոշտա․ Ակնկալում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացում

Կոշտա․ Ակնկալում ենք ՀՀ-ԵՄ  հարաբերությունների խորացում

27 մարտի 2026 – 14:15 AMT

PanARMENIAN.Net – Բրյուսելն ակնկալում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան X-ի իր միկրոբլոգում:

Նա անդրադարձել է Երևանում մայիսի 4-5-ը կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին, որտեղ ինքը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացնելու են ԵՄ-ն:

«Անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ակնկալում ենք այս հարաբերությունների խորացում։ Հայաստանին ու Եվրամիությանը միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը»,-գրել է Կոշտան:

Գագաթնաժողովից առաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը մասնակցելու են Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը անցկացվելու է 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը կենտրոնանալու է երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ Առաջնորդները քննարկելու են նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման ապահովման ուղղությամբ գրանցված առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում:

Leave a Comment