
1920 թ. Մարտի 27-ին Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
Հայ վրիժառու և ազգային ականավոր գործիչ Արշավիր Շիրակյանը (1900-1973) հայոց «Նեմեսիս» հատուցման գործողության պատվո շարքում երկրորդն է համարվում՝ 1921 թվականին երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրյանից հետո:
Շիրակյանի հաշվեհարդարի առաջին գործողությունը տեղի է ունեցել 1920 թվականի մարտին, երբ Կոստանդնուպոլսում նա պատժել է դավաճան Վահե Իհսանին, որը կազմել էր 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների ցուցակները: Ավելի ուշ Արշավիրն ուղարկվել է Երևան, որտեղ ծառայության է անցել Հայաստանի Առաջին Հանրապետության ոստիկանությունում։ Արամ Երկանյանի հետ նա ծրագրել էր երիտթուրքերի առաջնորդներ Էնվեր փաշայի և Խալիլ փաշայի ոչնչացումը։ Սակայն Վրաստանում ձերբակալությունը ժամանակավորապես կասեցրել է նրանց ծրագրերը, բայց չի ստիպել թողնել այդ նպատակը։
Եվ ահա 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմում, տակավին 21 տարեկան հասակում՝ Արշավիրը փայլուն կերպով իրականացնում է Օսմանյան Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմի ոչնչացումը: Ողջ գործողությունը վայրկյաններ տևեց, բայց դրանում խտացված էր ցեղասպանությունը վերապրած հայության համընդհանուր մեծ վրեժը: Ֆիզիկական հիանալի պատրաստվածություն ունեցող Արշավիրը կարողանում է ընթացքից ցատկել Հալիմին տեղափոխող կառքի ոտնատեղին և ատրճանակի դիպուկ կրակոցով՝ քունքից ակնթարթորեն պատուհասում նախկինում թուրքական կառավարության բարձրագույն պաշտոնը զբաղեցրած, մոլի հայատյաց պետական ոճրագործին: 1915 թվականին Հալիմի ձեռքում էր փաստացի գտնվում Օսմանյան Թուրքիայի ողջ վարչատարածքային չինովնիկական ապարատը, և նա վիլայեթներում հայերի կազմակերպված տեղահանման և բնաջնջման հրեշավոր ծրագրի թիվ մեկ պատասխանատուն էր հանդիսանում:
1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը համատեղ գործողությունով ոչնչացնում են Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից հաջորդ երկուսին` երիտթուրքերի պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
1923-ին Արշավիրը կնոջ՝ Գայանեի հետ մեկնեց հեռավոր Ամերիկա` մշտապես բնակվելու և փաստացի կյանքը զրոյից սկսելու համար: