Կառավարությունն ընդունել է որոշում՝ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների բարելավման, այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով։
Ըստ այդմ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում։ Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. արդյունքները վկայում են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն, միաժամանակ, առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թ. հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։ Առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Առաջարկվում է ծրագրի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս՝ 3-12 ամսվա փոխարեն։
Հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունենալը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։ Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ վստահության և հետաքրքրվածության բարձրացում։