Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 240,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել 8 նախաձեռնությունների՝ ուղղված հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներում բնակվող երիտասարդների հզորացմանը: Ստորեւ՝ այդ մասին հիմնադրամի հաղորդագրությունը։
Հիմնադրամը 2025 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային փուլի թիրախավորած երեք՝ գիտություն, սպորտ և առողջ ապրելակերպ, քաղաքացիական գիտակցություն և ակտիվություն ուղղություններով ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 100 հայեցակարգ և 25 ամբողջական հայտ, որոնցից ընտրվել են 8 նախաձեռնություններ: Դրանց մի մասն արդեն իսկ գործունեություն է ծավալում Հայաստանի մարզերում՝ կրճատելով Երևանի և մյուս համայնքների ռեսուրսների և հնարավորությունների միջև բացը:
Ընտրված նախաձեռնություններն են՝
INEDNET -ի առաջարկած նախագծի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մեկամյա ծրագիր Հայաստանի 5-7 համայնքներում։ 16-30 տարեկան 15-20 ընտրված երիտասարդ առաջնորդների 7-օրյա վերապատրաստման ծրագիրն ուղղված է մասնակցային բյուջետավորմանը և համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։ Մասնակիցներն իրենց գաղափարների իրագործման համար կունենան մենթորներ, դրանք կընդունվեն համայքների կողմից և կներկայացվեն հանրային քվեարկության՝ մասնակցային բյուջետավորման մեխանիզմների միջոցով համայնքների բյուջեներում ներառելու համար։
Նախատեսվում է իրագործել առնվազն 5 երիտասարդական նախաձեռնություն, իսկ քվեարկության միջոցով չընտրված կենսունակ նախագծերը կֆինանսավորվեն դրամաշնորհի միջոցով։
Ծրագիրն արդեն մեկնարկել է, դիմումների ընդունումը բաց է։
«Դիմակայուն Ստեփանավան» հիմնադրամը ստեղծվել է Ստեփանավանի համայնքապետարանի կողմից համայնքի զարգացմանը միտված ծրագրերի ֆոնդահայթայթման համար։ Հ․ Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհը ծառայելու է համայնքային հասարակական կազմակերպություն հանդիսացող սպորտային դպրոցի վերազինմանը սպորտային սարքավորումներով:
Դպրոցում գործում է ըմբշամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, բոքսի, շախմատի 14 ակումբ, որտեղ մարզվում է 174 երեխա, նրանց հետ աշխատում է 9 մարզիչ։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հանդիսանում է «Ֆիզմաթ» դպրոցի հիմնական աջակիցը ֆոնդահայթայթման և զարգացման հարցերում։
Չնայած Հայաստանի՝ օլիմպիադաներում բարձր արդյունքների, մարզերի հասանելիությունը դրանցում մնում է սահմանափակ։ Վերջին 11 տարվա ընթացքում «Ֆիզմաթ» դպրոցը միջազգային օլիմպիադաների է պատրաստել 156 մասնակցի, որոնք վաստակել են 115 մեդալ։ Միայն 2025 թվականին 17 միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականները շահել են 11 մեդալ, դրանց միայն երեքն են եղել մարզերից։
Հիմնադրամի ներկայացրած նախագիծը պլանավորում է ընդլայնել գործունեությունը մարզերում՝ ստեղծելով մարզային օլիմպիադաների ցանց, օլիմպիադաների համար վերանայելով մաթեմատիկայի և ֆիզիկայի դպրոցական ծրագրերը։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև այնտեղ բնակվող 8 մարզիչի վերապատրաստում, օլիմպիադաների 8 ակումբի ստեղծում Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Արմավիրում։ Դրանք կընդգրկեն ավագ դպրոցի 180 սանի։
ԲունTV-ն ներկայացրած «Լեռների միջոցով» նախագիծն ութամսյա նախաձեռնություն է, որի շրջանակներում 16-35 տարեկան 50 երիտասարդ կմասնակցի 5 արշավի 5 ուղղություններով։ Մասնակիցները, որոնց առնվազն 70 % կլինի մարզերից, ձեռք կբերեն արշավական տարրական հմտություններ, կծանոթանան առողջ ապրելակերպին, կստանան բնության հետ պատասխանատու շփմանն ուղղված էկոլոգիական կրթություն։ Խմբային երկխոսությունների շնորհիվ նրանք կզարգացնեն նաև թիմային աշխատանքների հմտությունները, քաղաքացիական գիտակցությունը և տեղի համայնքների մասին տեղեկացվածությունը։
Նախագիծը կիրականացվի Armenian Geographicի հետ համատեղ, որը պատասխանատու կլինի արշավների և կրթական բովանդակության համար։ Յուրաքանչյուր արշավ կունենա տեսաձայնագրություն, ևհինգ սերիայից բաղկացած փաստագրական ֆիլմը կցուցադրվի ԲունTV-ի եթերում։ Այն կցուցադրվի նաև համացանցում ՝ ներգրավելով 50 – 100 հազար դիտողի։
GOALS-ը կենտրոնացած է Հայաստանում աղջիկների հզորացման վրա սպորտային ոչ ֆորմալ կրթության և առաջնորդության զարգացման միջոցով: Այն համագործակցում է դպրոցների, համայնքային մարզիչների և տեղական ղեկավարների հետ՝ իրականացնելով ֆուտբոլի և բասկետբոլի վրա հիմնված ծրագրեր և կրթական սեմինարներ: GOALS-ն ամեն տարի ներգրավել է հարյուրավոր աղջիկների տարբեր տարածաշրջաններից, ինչպես նաև 2023 թվականի առաջին եռամսյակում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով վերապատրաստվել է 80 տեղական մարզիչ, որոնցից 70-ը դեռևս աշխատում է իր համայնքում։
Մեկամյա ծրագիրը, որը կներառի 11-15 տարեկան 250 աղջիկ Հայաստանի 20 համայնքներից, բաղկացած է սեմինարներից, հիբրիդային ուսուցման հանդիպումներից, միջհամայնքային սպորտային միջոցառումներից։ Նախաձեռնությունը կեզրափակվի 2026 թվականի աշնանը կայանալիք GOALS աղջիկների գագաթնաժողովի մեկօրյա համաժողովով:
«Ազատազեն» կրթական ՀԿ-ն կենտրոնանում է երիտասարդության պատրաստվածության, համայնքի դիմադրողականության և քաղաքացիական պատասխանատվության ամրապնդման վրա ոչ ֆորմալ կրթության միջոցով: ՀԿ-ն իրականացնում է առաջին բուժօգնության, ֆիզիկական և արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, բացօթյա անվտանգության, քաղաքացիական իրազեկության և թվային անվտանգության գործնական ուսուցում:
Այս դրամաշնորհի միջոցով կազմակերպությունը կընդլայնել իր կրթական ծրագրերի շրջանակը Երևանից դուրս՝ առաջին հերթին Վանաձորում:
Հիմնադրամից ստացած դրամաշնորհի միջոցով Ազատազենը կիրականացնի 10-ամսյա ծրագիր 15-20 տարեկան 300 երիտասարդի համար:
Hyphen4 Lab-ն աշխատում է քաղաքային ուսումնասիրությունների, տարածական տվյալների և քաղաքացիական մասնակցության խաչմերուկում:
Առաջարկվող նախագծի միջոցով Hyphen4 Lab-ը կիրականացնի 7-ամսյա ծրագիր Աշոցք, Օձուն, Արենի, Ստեփանավան, Քաջարան, Արծվաբերդ համայնքներում: Նախագիծը կուսուցանի 10-12 համալսարանական ուսանողների որպես Hyphen4 Lab-ի մասնակիցներ՝ «ուսուցանողներին վերապատրաստելու» մոդելի միջոցով։ Ծրագրի մասնակիցներն այնուհետև կաշխատեն մոտավորապես 76-96 ԹՈՒՄՈ դեռահասների (12-18 տարեկան) հետ այդ 6 համայնքներում մասնակցային քարտեզագրման աշխատաժողովներ անցկացնելու համար: Նախագիծը նպատակ ունի ընդլայնել և կատարելագործել վեց տարածաշրջանային ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) տվյալների հավաքածուներ, ամրապնդել երիտասարդների թվային և քաղաքացիական հմտությունները և աջակցել տվյալների վրա հիմնված երկխոսությանը համայնքների հետ։ Վերջնական քարտեզները կներկայացվեն տեղական համայնքներին որպես տվյալներ որոշումների կայացման համար:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործունեություն ծավալող «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հիմնական ուղղություններից մեկը երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն է, քաղաքացիական հասարակության ամրապնդումը, քաղաքացիների՝ որոշումների կայացմանը ներգրավվածությունը։
Առաջարկվող նախագծի շրջանակներում «ՀԿ Կենտրոն»-ը նախատեսում է իրականացնել 10-ամսյա ծրագիր Վանաձորում և մոտակա բնակավայրերում՝ ներգրավելով 16-30 տարեկան 60 երիտասարդի քաղաքացիական կրթության դասընթացների, խաղերի, մենթորության և համատեղ ստեղծագործական աշխատանքի միջոցով։
Ըստ նախատեսվածի՝ համայնքում կիրականացվի 20 երիտասարդական նախաձեռնություն, Համայնքապետարանին կից կստեղծվի Երիտասարդական խորհրդատվական գրասենյակ, ինչպես նաև կմշակվի երիտասարդական քաղաքականության և զարգացման 5-ամյա պլան։
«Շատ հետաքրքիր դիմորդներ ունեինք հայտարարված երեք նպատականերով, ընտրությունն ինչպես միշտ բարդ էր, արդյունքում ունենք բոլոր ուղղություններով բաշխված ութ նախաձեռնություն։ Որոշ դեպքերում դրանք թիրախավորում են միանգամից երկու ուղղություն։ Աշխարհագրությունն էլ է բավականին բազմազան, ինչը շատ կարևոր է Հիմնադրամի համար։ Ե՛վ մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքների հանդեպ ուշադրությունը, և՛ նախագծերի երկարաժամկետությունն արտացոլում են մեր զարգացման տեսլականը», — նշել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։
***
1986 թվականին ստեղծվելուց ի վեր, Հ․ Հովնանյանի ընտանեկան հիմնադրամը հատկացրել է ավելի քան 100 միլիոն դրամ՝ հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ ուղղվածությունների նախագծերի իրականացման համար՝ առաջնահերթ աջակցություն տրամադրելով աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշեն շրջաններում գործող կազմակերպություններին։
Լուսանկարը՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter