26 մարտի 2026 – 18:00 AMT
PanARMENIAN.Net – Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ներկայացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ընթացքը:
Նա նշել է, որ Թուրքիայի տարածքով անցնող 224 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են, հայտնում է APA-ն:
«Աշխատանքներն ադրբեջանական կողմում մոտ են ավարտին։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ստորագրվել է կապալառուի պայմանագիր, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում դրանք կսկսվեն առանց լուրջ ձգձգումների։ Նախիջևանի հատվածում կա 180 կիլոմետր երկարությամբ հատված։ Դրա մի մասը կվերանորոգվի, մի մասը՝ կկառուցվի նորից։ Մեր կողմից՝ 224 կիլոմետր երկարությամբ հատվածում շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են», — հայտարարել է նախարարը։
Վաշինգտոնում կողմերը պայմանավորվել են, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և փոխադարձության սկզբունքով: Փաշինյանն ասել է, որ Հայաստանի տարածքում գործելու է «Թրամփի ուղին», և որ այս փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը, և որ ոչ ոք «իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել», իսկ իր տարածքով անցնող ուղին կարող է անվանել ինչպես ուզում է: