Վեներա Վարդումյան. «Աշխարհի աղն ենք, բայց հալվում ենք օտար-անհամ ջրերում»

«Բաբելոն էր, Բաբելոն…»,-հիշելով Խորհրդային Միությունը՝ ասում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Վեներա Վարդումյանը։ «Ինչպես յուրաքանչյուր հասարակարգում, ե՛ւ արդարություն կար, ե՛ւ անարդարություն, բայց անարդարության փառն ամեն տեղ էր հյուսված»։

Այսուհանդերձ, «ներքին կշռաչափը» երկարամյա ուսուցչուհուն, դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենին հնարավորություն է տվել «տիղմի մեջ մաքուր  մնալ»։ 

«Ուզում էի շրջանցել, շրջանցել ոչ թե որ չէի կարող փոխել, ոչ թե որ վախենում էի, չէ՛, չէի վախենում, պարզապես չէի ուզում, որ ինձ կպչի»։

Տիկին Վարդումյանը կարծում է, որ մարդու ներսում պիտի խոր գիտակցական արթնություն լինի։ Եթե հեղափոխություններ են լինում, առաջին հերթին մարդու հոգեբանությունը պիտի փոխվի։

«Ամեն ծնվողի թվում է, թե կգա աշխարհում մի նոր բան կանի, կզարմացնի, բայց աշխարհը զարմացող չի։ Աշխարհը գիտե՞ս երբ ա զարմանում, երբ չես փչացնում քո տեսակը, երբ չես խառնվում, երբ բարոյական քո արժեքները նորաձեւ չեն։ Առաջին հայացքից գուցե չես շահում, չես հաղթում, բայց վերջում շահած-հաղթածը դու ես դուրս գալիս»։

Հարցին՝ ինչո՞ւ փլուզվեց Խորհրդային Միությունը, Վեներա Վարդումյանը պատասխանում է՝ չտրվելով դավադրության տեսություններին. «Փնտրեք գտեք մի կայսրություն, որ մնացել է։ Չկա՛, բոլոր կայսրությունները դատապարտված են կործանման, որովհետեւ յուրաքանչյուր ազգ փորձում է ինքն իրեն գտնել, իր ճանապարհը գտնել, եւ դա բնական է»։ 

Տիկին Վարդումյանը չի կարծում, թե մեր հասարակությունը բավարար չափով արժեւորել է 1991-ին ձեռք բերած անկախությունը եւ դա բացատրում է ժամանակի գործոնով. «Երբ վզին լուծ են դնում, հետո հանում են, վիզը ծուռ է մնում, ժամանակ է պետք, որ ուղիղ կանգնես ու քայլես»։

«Ես միշտ ցանկացել եմ՝ մեր դրոշն ունենանք, մեր զինանշանն ունենանք, մեր  հաղթանակները մեր օրհներգով գրանցվեն, մենք արժանի ենք դրան։ Մենք աշխարհի աղն ենք, բայց լինում է այնպես, որ գնում օտար-անհամ ջրերում հալվում ենք»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment