ՀՀ Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց օրինագիծ, որը նպատակ ունի լուծել այն խնդիրները, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները կամ գրանցել սեփականության իրավունքը։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է պետական կամ համայնքային նշանակության այն հողերին, որոնց վրա արդեն կառուցված են շենքեր, սակայն հողամասի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում։ Գործող կարգավորումներով նման վեճերի առկայությունը խոչընդոտում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը, ինչի հետևանքով բնակարանների ճակատագիրը մնում է անորոշ։
Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ նման դատական գործի առկայությունը չի խանգարի անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերի կնքմանը կամ գույքի օտարմանը։ Այս դեպքում գնորդը կստանա բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք, իսկ հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ՝ օգտագործման իրավունք։
Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ մինչև դատական վեճի ավարտը կառավարությունը կարող է սահմանել հողամասերի սխեմաներ և կոորդինատներ, որոնց շրջանակում գտնվող տարածքների դեպքում, անկախ դատական որոշումից, կապահովվի գնորդների սեփականության իրավունքի գրանցումը։
Նախագծով նաև ամրագրվում է, որ գնորդը պարտադիր կերպով տեղեկացվելու է տվյալ գույքի հետ կապված դատական վեճի և փոխանցվող իրավունքի կառուցվածքի մասին, ինչը կնշվի համապատասխան փաստաթղթերում։
Բացի այդ, նախատեսվում է, որ նման դեպքերում հողամասի բաժնեմասի նկատմամբ իրավունքի գրանցումը կիրականացվի առանց լրացուցիչ պետական տուրքի։