Ի՞նչ արժեն գերժամանակակից զենքերը և ինչպես են փոխում դրանք պատերազմի դեմքը

Ի՞նչ արժե ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչ, ի՞նչ նոր զինատեսակներ են կիրառում հակամարտող կողմերը Իրանի դեմ պատերազմում։ Մասնագետները կարծում են, որ այս հակամարտությունն էապես տարբերվում է անցած տարվա 12-օրյա պատերզամից և աչքի է ընկնում նորագույն զինատեսակների աննախադեպ կիրառությամբ, հատկապես Իրանի կողմից։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ նոր զինատեսակների առկայությունը Իրանի արսենալում և հակառակորդի հարձակումները զսպելու Թեհրանի կարողությունները Վաշինգտոնին կարող են ստիպել վերականգնելու բանակցային գործընթացը։

Ի տարբերություն մինչև օրս հայտնի նախկին հակամարտությունների և մասնավորապես Իրանի դեմ անցած տարվա 12-օրյա պատերազմի, Մերձավոր Արևելքում ծավալվող այս պատերազմում նորագույն զինատեսակներ են կիրառում թե՛ ամերիկաիսրայելական ուժերը և թե՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Մասնագիտական գնահատականներով՝ դրանք 5-րդ սերնդի զինատեսակներ են։ Ռազմական վերլուծաբանները նշում են, որ Իրանի դեմ նախկին պատերազմից տպավորություն էր ստեղծվել, որ Թեհրանը չունի մեծ հեռավորության թիրախներ խոցելու ճշգրիտ կարողություններ։ Այդ կարծիքը փոխվեց, երբ անցած շաբաթ Իրանի 4 հզր կմ հեռահարության բալիստիկ հիթիռները հասան Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզի, որտեղ բրիտանաամերիկյան ռազմաբազա է տեղակայված։

Այդ աննախադեպ ռազմական գործողությունը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Այդ հարվածը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Իրանի մասին առկա հետախուզական տվյալները լիարժեք պատկերացում չեն տվել այդ երկրի իրական հնարավորությունների մասին՝ ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Երբ խոսում ենք արդեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին, սա արդեն սոսկ խոցման մասին չէ, այլ իրական քաղաքականություն է կամ, այլ կերպ ասած, ճնշման դիվանագիտություն։ Ճնշող դիվանագիտությունն առաջին հերթին արտահայտվում է ահա այսպիսի զսպող միջոցների ցուցադրմամբ։ Կարծում եմ՝ իրականում այս հրթիռի կիրառման նպատակը խոցումը չէր, այլ  ցուցադրությունը, որ կա այսպիսի հնարավորություն, և առնվազն 4 հզր կմ շառավղով յուրաքանչյուր թիրախ Իրանի համար հասանելի է»։

Այս պատերազմում կիրառված նոր սերնդի հաջորդ զինատեսակը ամերիկյան գերթանկարժեք F-35 ռազմական ինքնաթիռն էր։ Իր անխոցելիությամբ հայտնի այդ կործանիչը, սակայն, չկարողացավ խուսափել իրանական ՀՕՊ հրթիռներից։

Սա նույնպես անսպասելի իրողություն է, որը ստիպում է մարտավարական վերահաշվարկներ անելու։ Այս փաստը լայն արձագանք ունեցավ միջազգային մամուլում․

«Ինչպե՞ս Իրանին հաջողվեց խոցել ամերիկյան F-35 կործանիչը, երբ սովորական ռադարներն ու ուղղորդման համակարգերը հազիվ են կարողանում այն ​​հայտնաբերել։ F-35 կործանիչը հագեցած է աշխարհի ամենահզոր շարժիչներից մեկով, որը շատ հզոր ջերմային ազդանշան է ստեղծում։ Հետևաբար, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը ավելի ու ավելի հաճախ ոչ միայն ռադարներ, այլև ինֆրակարմիր որոնման և հետապնդման համակարգեր են օգտագործում։ Այս համակարգերը երկնքում որոնում են ինտենսիվ ջերմության աղբյուրներ, բայց որևէ ազդանշան չեն արձակում։ Այս դրվագը կասկածի տակ է դնում հինգերորդ սերնդի կործանիչների անխոցելիության մասին նախկին պատկերացումները»:

Քաղաքագետ Արա Պողոսյանն այս հարցի վերաբերյալ իր դիտարկումն է ներկայացնում․

«F-35 -ի խոցումը համաշխարհային ցնցման էր նման, հատկապես ռազարդյունաբերության մեջ, քանի որ ԱՄՆ  տարիներ շարունակ տարբեր տվյալներով մոտ 400 մլրդ դոլար էր ծախսել, այսպիսի անխոցելի կործանիչ ստանալու համար, որը կարելի էր համարել նաև ԱՄՆ ռազմավարական օդուժի գլխավոր մասը։ Այս առումով F-35-ի խոցումը բավական խոցելի վիճակի մեջ է դնում ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը, քանի որ ցույց է տալիս, որ այն անխոցելի չէ։ Եթե սրան հավելենք այն միջոցները, որը կիրառել է Իրանը այն խոցելու համար, որոնք բավական մատչելի միջոցներ են, այսինքն՝ սենսորային դետեկտորներ են եղել, որոնք կարողացել են որսալ առանց ազդակներ ուղարկելու։ Ուրեմն, Իրանը կարողացել է մատչելի միջոցներով խոցել ամերիկյան գերթանկարժեք միջոցները, որոնցից յուրաքանչյուրը, տարբեր հաշվարկներով, մոտ 100 մլն դոլար արժե»։

Արա Պողոսյանը հիշեցնում է, որ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգը ևս բավական թանկ արժե և, եթե իսրայելական ՀՕՊ–ը որսա իրանական անհամեմատ էժան բոլոր անօդաչուները, ապա այս պատերազմը խիստ թանկ արժենա Իսրայելի համար։

Որպեսզի Իսրայելը միլիարդներ չծախսի իրանական թեթև անօդաչուները որսալու համար, ընտրողաբար է հակադարձում հարվածներին՝ պաշտպանելով հիմնական ենթակառուցվածքներն ու բազաները, բացատրում է վերլուծաբանը։  

Այս պատերազմը տարբերվում է նաև հակամարտող կողմերի մշակած ռազմավարությամբ։ Մասնավորապես՝ հրթիռակոծության վտանգավոր թիրախներ են դարձել ատոմակայանները։ Իսրայելը հարվածել է Նաթանզի ուրանի հարստացման համալիրին։ Թեհրանը վստահեցնում է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի եղել։ Իրանն էլ հարվածել է Իսրայելի ատոմակայանին։ Դա ևս խիստ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել։

Այս առումով քաղաքագետը պարզաբանում է, որ այս պատերազմը գոյաբանական է Իրանի և Իսրայելի համար, ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի դեպքում․

«Եթե ԱՄՆ-ի համար իրանական հարցը ռազմավարական դիրքերի ամրապնդման նպատակ ունի, ապա Իսրայելի համար գոյաբանական խնդիր է, որը պետք է լուծի Իսրայելի ռազմավարական ազդեցությունը, և պատահական չէ, որ Իսրայելի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ այս պատերազմից հետո Իսրայելը կմնա Մերձավոր Արևելքի գերտերությունը կամ  գլոբալ գերտերության կվերածվի։ Նաև Իրանի համար է այս պատերազմը գոյաբանական, և Իրանում ևս հասկանում են, որ հակամարտության արդյունքներից կախված՝ թե՛ հաղթանակի և թե՛ պարտության կամ որևէ այլ լուծման պարագայում, Իրանը ևս այլևս նախկինը չի լինի տարածաշրջանում»։

Իրանի և Իսրայելի համար գոյաբանական այս պատերազմում «կարմիր գծեր» չկան, ու թերևս դա է պատճառը, ըստ քաղաքագետի, որ կիրառվում են աննախադեպ հզորության ու ճշգրտության գերժամանակակից զինատեսակներ։

Leave a Comment