Առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպասում են անակնկալներ, գրել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
«Իրանը նոր անակնկալներ է նախատեսել առաջիկա օրերի համար, որոնք կարող են հանգեցնել շատ լուրջ հետևանքների», — նշվում է հրապարակման մեջ։
Աղբյուրը խորհուրդ է տալիս Թրամփին ուշադրիր հետևել իրադարձություններին։
«Թրամփը պետք է առայժմ մի կողմ դնի իր հեռախոսն ու սոցիալական ցանցերը, նայի միայն երկնքին, ֆոնդային շուկային և նավթի գներին», — ասվում է հոդվածում։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին երկու օրերի ընթացքում «շատ դրական և արդյունավետ» բանակցություններ են վարել, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու մասին լուրը, բայց հաստատել է, որ միջնորդների միջոցով հաղորդագրություններ է ստացել, որոնցում արտահայտվել է հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ցանկություն։
Մեկ օր առաջ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Իսլամական Հանրապետությանը՝ սպառնալով ոչնչացնել բոլոր իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չբացի Հորմուզի նեղուցը։