ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաների վրա հարձակման մասին է հայտարարել

Իրանի զինված ուժերը մարտի 23-ին հարվածների նոր ալիք են իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաների, ինչպես նաև Իսրայելի ռազմական ենթակառուցվածքի դեմ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Այսօր առավոտյան բացվել է ամերիկյան և սիոնիստական թիրախների դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 76-րդ ալիքի նոր ճակատը»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Կորպուսը հայտնել է, որ հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան Ալ-Դաֆրա բազային, Իրաքում գտնվող «Վիկտորիա» բազային, ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել Իսրայելի բանակի՝ Աշկելոնի, Թել Ավիվի և Հայֆայի ենթակառուցվածքներին:

Նշվել է, որ հարվածների համար օգտագործվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: 

 

 

Leave a Comment