Խնդրում եմ` էդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը. Միրզոյան

Երբ խոսում են վերադարձի իրավունքի մասին, ես ասում եմ՝ խնդրում եմ, ինձ կասե՞ք դետալիզացված՝ այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ի՞նչ պայմաններով, այսօրվա ճեպազրույցում հարց հնչեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը։

«Ենթադրենք՝ այնտեղ դռները բացում են, ասում են՝ եկեք, այստեղ էլ այն մարդիկ, որոնք ուզում են գնան, գնում են։ Խնդրում եմ՝ ինձ նկարագրեք պայմանների՝ եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյոք դա նշանակում է՝ գնում եք և լինում եք անկախ պետություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա։ Թե, օրինակ, ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը… և այս կարգի տասնյակներով հարցեր։ Որովհետև այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ կարող են տեսնել այդ մարդկանց անկեղծությունը՝ և՛ անցյալի մասով, երբ որ իրենք մաքսիմալն էին պահանջում, և՛ երբ մենք ասում էինք նշաձողը իջեցնենք, լուծումներ կգտնվեն, մեզ դատափետում էին ազգային գաղափարներին դավաճանելու համար։

Հիմա տեսնենք՝ կարո՞ղ է պարզվի, որ այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր է այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ՝ հենց այդպես էլ պարզվի, դրա համար էլ այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում, թե վերադարձ ասելով՝ ինչ նկատի ունեն։ Խնդրում եm` էդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք՝ Արարատ Միրզոյանը ձեզ հարց է տալիս՝ ինչպե՞ս եք պատկերացնում վերադարձը»,-ասաց ԱԳ նախարարը։

Ըստ նախարարի՝ Արցախ վերադառնալու մասին խոսող մարդիկ 30 տարի մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են, արյունաքամ են արել՝  հստակ իմանալով, որ իրենց ուզած լուծում իրատեսական չի։

«Մարդիկ էլ մոլորության մեջ են եղել, այդ թվում՝ ես։ Խաբել են, հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդկանց։

Եկեք հստակեցնենք՝ինձ և մեզ ուղղված մեղադրանքը ինչո՞ւմ է. որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների՞։ Սա մի իրավիճակ է, մի պատասխան է ենթադրում, թե՞ չենք կռվել, թե՞ կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պիտի չտայինք հանձնելով։ Որովհետև այս մեղադրանքների մեջ մեծ հակասություն կա։

Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը այդ մեղադրանքներից մեկը ուղղի, մեկը ասի՝ դուք հիմար էիք և չգնացիք լուծումների ջանդամ, թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, ինչո՞ւ չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի։ Եվ մյուս մարդը ասի՝ դուք պետք է կռվեիք մինչև վերջ, հիմա էլ կռվեք, տարբերություն չկա Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, հլը էլի հնարավոր է համակերպվել այս իրականության հետ, առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել։

Բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում…հիմա ինձ հետաքրքիր է՝ ես ինչո՞ւմ եմ մեղավոր, որ հողերը տվե՞լ եմ, թե չեմ տվել, որ զոհեր եղե՞լ են, թե չեն եղել»։

Արարատ Միրզոյանը կրկնեց նախկինում հնչած իշխանության տեսակետը, ըստ որի, իշխանությունը բավարար իմաստություն չի ունեցել հասկանալու, որ պետք է գնալ շատ շտապ և շատ մեծ զիջումների, որպեսզի կանխեն այս արյունահեղությունը։.

 «Բայց դա էլ հարց է. եթե մենք ունենայինք այդ բավարար իմաստությունը և համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Սա էլ առանձին ուսումնասիրության թեմա է»։

Leave a Comment