Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ փակ հանդիպման մանրամասները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի հետ վերջին փակ հանդիպումից՝ անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության շուրջ Բաքվի դիրքորոշմանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջ պաշտոնապես չի ներկայացրել։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շեշտել է, որ չի քննարկում Հայաստանի ներքին հարցերը, սակայն միաժամանակ տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների պահպանման դեպքում չի պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Երբ մենք ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է և բանակցությունների թեմա չէ, նրանք պատասխանում են՝ դա ձեր իրավունքն է, սակայն այդ պայմաններում չեն ստորագրի համաձայնագիրը»,– նշել է Միրզոյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանն այս մոտեցումն ընդունում է ի գիտություն, սակայն այն համարում է անհիմն՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կարող են վերջ դնել առկա տարաձայնություններին։

Միրզոյանի գնահատմամբ՝ հենց այս հարցում են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն էականորեն տարբերվում։

Հայկական կողմը շարունակաբար հերքում է Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հայտարարել են, որ նման ձևակերպումներ չկան, իսկ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է և չի կարող դառնալ բանակցությունների առարկա։

Leave a Comment