Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում կարող է աշխատել մեկ պայմանով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևան քաղաքում հիփոթեքային վարկերի տոկոսավճարների մարման համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի հնարավոր վերսկսման մասին՝ միայն վթարային շենքերի հարցը լուծելու նպատակով։

«Հիմա մենք մի հատ ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրն աշխատի միայն այն դեպքերում, երբ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, իրենց շենքի տակի տարածքը ձեռք է բերում, այդտեղ կառուցում է նոր շենք, բնակիչներին տալիս է նոր տուն և ավել հարկերի և այլնի արդյունքում իր ներդրումները հետ է բերում։ Այդ պարագայում եկամտային հարկի վերադարձը Երևանի համար կբացենք։ Այդ մեխանիզմով մեր հաշվարկով Երևանում վթարային շենքերի մեծ մասի հարցը լուծվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ դեռևս չեն շտապում այդ ծրագիրը մեկնարկել, քանի որ ներկայումս անշարժ գույքի շուկան Երևանում հագեցած է։ Փաշինյանը նշել է, որ սպասելու են, մինչև շուկան հանգստանա և պահանջարկ ձևավորվի։

Հիփոքեթային վարկերի տոկոսագումարների վճարման համար եկամտային հարկի վերադարձի ծրագիրը 2025թ․ հունվարի 1-ից ավարտվել է Երևանում և այս պահին գործում է միայն մարզերում։

Leave a Comment