ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ գործողությունն ավարտելու հնարավորությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Իրանի դեմ ռազմական գործողության արագ դադարեցման հնարավորության մասին։ Նա համապատասխան գրառումն արել է Truth Social-ում։

«Մենք մոտենում ենք մեր նպատակներին հասնելուն, քանի որ քննարկում ենք Մերձավոր Արևելքում ռազմական ջանքերի կրճատման հարցը՝ Իրանի հետ կապված», — ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա ԱՄՆ նպատակների շարքում նշել է Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժի, նրա ռազմաարդյունաբերական համալիրի, ռազմաօդային ուժերի, նավատորմի և հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացումը:

Ավելին, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն հույս ունի զրկել Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, ինչպես նաև «բարձր մակարդակի պաշտպանություն» ապահովել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին՝ Բահրեյնին, Իսրայելին, Կատարին, Քուվեյթին, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային:

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Թրամփը հայտարարել է, որ այն պետք է վերահսկեն այն երկրները, որոնք օգտագործում են այդ ռազմավարական ուղին, այլ ոչ թե ԱՄՆ-ն։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող է աջակցել անհրաժեշտության դեպքում։

Leave a Comment