Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացել են խաղաղության և պատերազմի հավանականության շուրջ քննարկումները՝ վերջին ասուլիսում այդ թեմայով վարչապետի արած հայտարարությունից հետո։ Լրագրողներն այսօր պաշտպանության և ներքին գործերի նախարարներից են հետաքրքրվել այս թեմաներով։
ԱԺ-ում լրագրողները ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ 2021 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցե՞լ է:
«Ոչ, հերքում եմ: Եվս մեկ անգամ հերքում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ»։
Պապիկյանն անդրադարձավ վերջին օրերին ամենաշատը շրջանառվող խոսույթին։ Ասաց՝ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարություններն այն մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ուղիղ կերպով ենթադրում է պատերազմ։ Նրա խոսքով՝ վարչապետը հստակ ասում է՝ ես ղեկավարում եմ ուժ, որ չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, մինչդեռ ընդդիմությունից գրեթե բոլորի խոսույթում հակառակ պատկերն է.
«Քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ։ Նոր բան չեմ ասի»։
ՀՀ-ում ծանր հետևանքներով պատերազմ նախապատրաստողների մասին վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ կա նման ազդակ, և որ վարչապետը տվել է քաղաքական գնահատական․
«Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, և շատ ուժեր այնպիսի մտքեր ու հայտարարություններ են հնչեցնում, որոնք հակադարձում են հաստատված խաղաղությանը, և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել, ինչը բնական է»։
Իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն նաև իրավական գնահատական՝ հավելեց նախարարը։ Ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ ՆԳ նախարարից հետաքրքրվեցին լրագրողները։
«Որևէ խուճապի մասին խոսք չկա։ Վարչապետը փաստական առումով անդրադարձել է այն խոսույթին, որն ըստ էության կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, նաև քաղաքական արձագանք է տվել՝ որպես երկրի ղեկավար»։
Պապիկյանի խոսքով՝ արհեստական բանականության կիրառումը հասարակական գործընթացներում պահանջում է ավելի լուրջ վերաբերմունք։ Հասարակությունն էլ սա պետք է համարժեք գնահատի։ Այս համատեքստում նախարարն առավել մտահոգիչ համարեց, որ արդեն տարածվում են արհեստականորեն ձևավորված, ոչ պատշաճ բովանդակությամբ տեսանյութեր, ինչի պայմաններում նման գործելակերպ ունեցող անձինք պարզապես չեն կարող հավակնել անվտանգության մասին խոսելու իրավունքին։