Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Չնայած երազներին ու կենացներին, ինձ թվում է, Հայաստանի ժողովուրդը խիստ պրագմատիկ է և ունի հավաքական գիտակցություն, թե ի՞նչքան է մեր ուժը, կարող ե՞նք հավերժ ապրել թշնամական շրջապատում և անբարյացկամ հարևանությամբ… Հետևաբար, անգամ ամենացավալի և ոչ պոպուլյար հարցերի դեպքում ժողովրդի հետ պետք է խոսել ազնիվ, բաց և անդադար նրան չֆռցնել ու մանիպուլյացիաներ չանել:
Նույնը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու մեր հարևանի պահանջին: Հասկանում եմ, որ հեշտ բան չէ ընդունել, որ ժողովրդին ընտրատեղամասեր ես տանում հարևան պետության պահանջը կատարելու համար, բայց ավելի ընդունելի է այդպես, քան ասել, որ ներքին բարեփոխումներ ես անում և այլ հեքիաթներ:
Կարելի էր էն գլխից հետևյալ ձևով հարցը դնել՝ իրավական փաստաթղթում ինչո՞ւ պետք է լինի քաղաքական, պատմական տեքստ, ճիշտ այնպես, ինչպես 1990-ի օգոստոսին նույն հարցը տալիս էին այն սակավաթիվ պատգամավորները, ովքեր դեմ էին, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ն ու Հայոց ցեղասպանության/Արևմտահայաստանի եզրույթը մտցվի Հռչակագրի տեքստ:
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:
«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ»,- ասված է զեկույցում:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը չի ուզում տեսնել:
Ահա սա է իրականությունը:
Թաթուլ Հակոբյան
20 մարտի, 2026թ, Դովեղ