Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարները կվերադարձվեն․ նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը։ Iravaban.net-ը Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ուսումնասիրել է նախագծի մանրամասները։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարների գանձման դեպքերում այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։

Նախագծով առաջարկվում է՝

  •  սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը (դատական ակտ, վարչական վարույթ, վարչական մարմնի որոշում, հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն),
  • կարգավորել վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.
  • ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով.
  • նվազեցնել վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը
  1. 3. Ակնկալվող արդյունքը.

Նախագիծը՝

ա. կբարձրացնի ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը.

բ. կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին.

գ. կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ոլորտում գործող սուբյեկտների համար։

Leave a Comment