20 մարտի 2026 – 10:49 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ադրբեջանական գերությունից 2026-ի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։
Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
Մանասյանը նշել է, որ Ադրբեջանում ազատությունից զրկվածների իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։
Նա ընդգծել է, որ գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում դարձել են ուսումնասիրության առարկա, հասցեավորվել են ըստ իրավասության և ցուցաբերվել է շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում։
Հունվարի 14–ին Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին: Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել են 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն տանելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։