Նիկոլ Փաշինյանը խոսել է խմբագրի դեմ հարուցված քրեական վարույթի մասին

«Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։․ Քննչական կոմիտեն է հայտարարել։ Այն հարուցվել էր մեկուկես տարի առաջ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանն ու նշել՝ իր կոշտ արձագանքը նորմալ է։

Քննչական կոմիտեի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է օրաթերթի խմբագիրն ու սոցիալական իր էջում գրել է․ «Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ իր հետ կապված վարույթը կարճվելու է։

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի»։

Քննչական կոմիտեում Օհանյանին ասել են՝ ուզում են կարճել գործը, սակայն սպասում են Դատախազության որոշմանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Սահմանադրական կարգը տապալելու կոչի մեղադրանքով։ ABC Media-ի հետ զրույցում Օհանյանը աբսուրդ է որակել քրեական վարույթն ու նշել՝ ԶԼՄ ներկայացուցիչները բոլոր իշխանությունների ժամանակ թիրախ են եղել։

«Դեռ մեկ-երկու տարի առաջ գիտեի, որ փորձելու են գործեր հարուցել։ Տարբեր ազդակներ էին գալիս, տարբեր մակարդակներում։ Ընդհանուր լրատվամիջոցների դեմ է այս ամենը։ Ինձ մի փոքր ճանաչող մարդը կհասկանա, որ սա որևէ ձևով չի կարող ինձ կաշկանդել»,-ABC Media-ի հետ զրույցում ասել է խմբագիրը։

Արմինե Օհանյանը նկատել է՝ Հայաստանում չորրորդ իշխանությունը շատ հարվածներ է ստացել։

«Լրագրողները, խմբագիրները միշտ խնդիրներ են ունեցել, լրատվամիջոցներ են փակվել, հազար ու մի պատմությունների միջով ենք անցել։ Սա նորություն չէ, ոչ էլ մեզ զարմացնում է։ Իշխանությունը չի հանդուրժում իր մասին վատ նյութերը»,–ասել է նա։

 

 

Leave a Comment