Փորձագետները տարբեր կողմերից են գնահատում Իրանի դեմ պատերազմի հետևանքներն ու ազդեցությունը տնտեսության վրա։ Տնտեսական ռիսկերից բացի՝ օրակարգում նաև Իրանին դեղորայք ու մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցերն են։ Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում նման օգնություն կտրամադրվի։ Իրանից դեպի Հայաստան մարդկանց հոսքը մեծ չէ։ Բայց իրավիճակը կարող է փոխվել շատ արագ։ Այս պահին արդեն ուրվագծվում են այն ոլորտները, որոնք կարող են վնաս կրել պատերազմի պատճառով։
Օրերս հայտնի դարձավ, որ Իրանում առնվազն ութ դեղագործական հաստատություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ Այս լուրը հաստատել է Իսլամական Հանրապետության Սննդի և դեղերի վարչության ղեկավար Մեհդի Փիրսալեհին, նաև վստահեցրել, որ դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների մատակարարումը տեղական շուկա չի խաթարվել։
Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է հրատապ կարգով անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ ստանալու անհատներից, մարդասիրական կազմակերպություններից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից։ Հայաստանի վարչապետն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտութուն չունի․
«Մենք ինքներս եթե տեսնենք հումանիտար բնույթի, կրկնում եմ, հումանիտար բնույթի կարիք, ինքներս կանենք»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավաննեսյանն էլ հույս է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կամ ԱԳՆ-ն հանդես կգան հայտարարությամբ։
«Վստահ եղեք, որ սահմանված ձևով և ընթացքով կառավարությունն արձագանքում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է համարում»։
Որքան երկարի մերձավորարևելյան ճգնաժամը, այնքան բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կարծում են փորձագետները։ Տնտեսագետների այս դիտարկումներին համամիտ են նաև կառավարության ու ԿԲ ներկայացուցիչները։ Այս հակամարտությունը կարող է որոշակիորեն դանդաղեցնել Հայաստանի տնտեսության զարգացումը։ Մասնագետները նաև գնաճի ռիսկեր են տեսնում։
«Աքսես» վերլուծական կենտրոնում արդեն հաշվել են, որ Իրանի տրանզիտային ենթակառուցվածքների կրած վնասը կամ լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումը կարող են նշանակալի լինել, օրինակ, Հայաստանից ծխախոտի արտահանման համար։ 2025–ին ՀՀ-ից արտահանվել է 240 մլրդ դրամի ծխախոտ, որի 62 %-ը (150 մլրդ դրամ) արտահանվել է Մեղրիի սահմանային անցակետով։ Դրա գերակշիռ մասը՝ 74 %-ը, ուղարկվել է Իրաք, 23 %-ը՝ ԱՄԷ։ Արտահանման վերաբերյալ մտահոգություն ունեն նաև գլխավոր դրամատանը՝ ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․
«Խնդիրները, որ մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, հայկական ընկերությունների՝ Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման սահմանափակման հնարավորությունն է։ Եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական անկում, ապա անդառնալիորեն ազդելու է տնտեսության առաջարկի ու պահանջարկի վրա։ Եթե արտաքին պահանջարկը նվազեց, ապա դա կազդի նաև մեր տնտեսության վրա։ Դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, այլ նաև հոգեբանական»։
Այս պահին կարող է ռիսկային համարվել ոչ միայն արտահանումը, այլև տուրիզմը։ ՎԿ տվյալներով, 2026 թ․ փետրվարին ամենաշատ զբոսաշրջային այցելությունները Հայաստան եղել են Ռուսաստանից (37 %), Վրաստանից (14 %) և Իրանից (8 %)։ Սովորաբար այս օրերին արդեն Իրանից զբոսաշրջիկների մեծ հոսք էր լինում իրանական Նոր տարվան՝ Նովրուզին ընդառաջ։ 2022 թ․ մարտին Իրանից Հայաստան է եկել մոտ 12.400 զբոսաշրջիկ, 2021-ի մարտին՝ մոտ 5․000: 2020-ի նույն ամսին՝ 428, իսկ 2019-ի մարտին՝ մոտ 11.350: Բայց տուրիզմի ոլորտում ռիկսեր կան ոչ միայն իրանցի զբոսաշրջիկների առումով։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․
«Մարդիկ, որ տրամադրվել էին այս տարի գալ Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ իրադարձությունները վատ սցենարներով են ծավալվում, հնարավոր է՝ զերծ մնան Հայաստան այցելելուց»։
Թեև այս պահին հայ–իրանական «Ագարակ» անցկետում էական խնդիրներ չկան, բայց իրավիճակը շատ արագ կարող է փոխվել։ ՊԵԿ նախագահը Էդվարդ Հակոբյանը վստահեցնում է, որ սահմանային անցակետը գործում է բնականոն կերպով։ Ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, բայց դրանք կառավարելի են․
«Մենք ամեն օր հետևում ենք դինամիկային. մարդկանց ու բեռների շարժը գրեթե նույն մակարդակներում են, ինչ նախկինում էր։ Պարզապես երբեմն լինում են հերթեր։ Նաև տնտեսվարողներից լսում ենք, որ Իրանում կան լոգիստիկ խնդիրներ»։
Հայաստանն Իրանի հետ մեծ առևտրաշրջանառություն ունի` ներմուծում–արտահանում, ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը կարծում է, որ ձգձգվող հակամարտությունը մեր տնտեսության վրա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։
«Այս օրերին գնահատում ենք այդ ռիսկերը։ Հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկիրը, որն այսօր հակամարտության մեջ է, կավարտի այն։ Վնասները ակնհայտորեն հիմա էլ կան, մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Բացի այդ՝ որոշ արտադրությունների համար հումք ենք ներկրում, որի դեպքում նորից գնաճային ռիկսեր հնարավոր է առաջանան»։
Իրանից Հայաստան ներգաղթը մեծ չէ, բայց կա։ Այս պահի վիճակագրությունը մտահոգիչ չէ։ Միջին Արևելքում տիրող իրավիճակն առայժմ էական ազդեցություն չի ունեցել Հայաստանի եվրոպարտատոմսերի նկատմամբ ներդրողների վստահության վրա։ Ընդհանրապես իրավիճակը դեռ կառավարելի է, բայց հակամարտության երկարաձգմանը զուգահեռ՝ ռիսկերը կարող են ավելանալ, արձանագրում են մասնագետները։