ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ–ն լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու համար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասել է նա։

Նա նշել է, որ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է շուրջ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։ Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով։

140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար, ասել է Մարթա Կոսը։

Նա նաև խոսել է ժողովրդավարական գործընթացների մասին, ընդգծելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։

Leave a Comment