
«Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ձեր ցուցումով է հրաժարական տվել, քանի որ «համարձակվել» է ԱՄՆ փոխնախագահին նվիրել Արցախի պատմության մասին գիրք, և դա համարեցիք սադրիչ քայլ։ 2019թ․ «Արցախը Հայաստան է և վերջ» ձեր հայտարարությունից 2 ամիս անց դուք ՌԴ նախագահին նվիրեցիք «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը․ չեք պատրաստվո՞ւմ մի հրաժարականի դիմում էլ դուք գրեք, քանի որ շատերը սա համարում են սադրիչ և ասում են, որ դուք եք սադրել 44-օրյա պատերազմը նման քայլով»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ով է սադրել 44-օրյա պատերազմի, ով չի սադրել՝ պատասխանը տվել է ՀՀ ժողովուրդը 2021թ․ ընտրություններով։ Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ ես 2 անգամ հրաժարական եմ տվել, որից հետո հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին և ժողովուրդը իր որոշումը կայացրել է»,- պատասխանել է վարչապետը։ «Ինչ վերաբերում է ՀՑԹԻ տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես էլի արաձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը»,- հավելել է Փաշինյանը։