Իրանի ՀՕՊ-ի մեծ մասը ոչնչացվել է
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխանցմամբ, Իրանում ամերիկյան և իսրայելյան հարվածներից զոհվել է ավելի քան 1300 մարդ: Իսրայելը մոտ 7600 օդային գրոհ է իրականացրել: Ենթադրվում է, որ ոչնչացվել կամ խիստ վնասվել է Իրանի ՀՕՊ համակարգի 85 և հրթիռների արձակման կայանների 75 տոկոսը:
Իրանը դեռ կարողանում է հրթիռակոծել Իսրայելի տարածքը: Վերջին թիրախը Թել Ավիվի Ռամատ Գան թաղամասն էր: Իսրայելում իրանական գրոհներից 14 մարդ է սպանվել: Պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող:
Լարիջանին և Սոլեյմանին սպանվել են
Իսրայելի և Ամերիկայի նպատակն է ոչնչացնել Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարներին: Իսրայելյան ուժերը հրապարակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներքո գտնվող «Բասիջի»՝ աշխարհազորայինների հենակետերին հարվածելու մասին պատմող տեսահոլովակը: Թեհրանը հաստատել է, որ սպանվել է Իրանի գերագույն ազգային խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
Լարիջանին իրանական քաղաքական ասպարեզում հեղինակավոր և ազդեցիկ վետերան գործիչներից էր, որը տասնամյակներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել:
Գեներալ Ղոլամ Ռեզա Սոլեյմանին Բասիջի հրամանատարն էր: Երկուսն էլ կարևոր դեր են կատարել այս տարվա հունվարյան բողոքի ցույցերի մասնակիցներին ոչնչացնելու և հալածելու գործում: Ցուցարարները տարեսկզբին մարտահրավեր են նետել երկիրը 47 տարի անընդմեջ կառավարող կրոնապետության ղեկավարներին, սակայն ուժայինները ճնշել են ապստամբությունը, կան հազարավոր սպանվածներ և վիրավորներ, նրանց ստույգ թիվը հայտնի չէ:
«Նրանք ահաբեկչություն են իրականացրել բնակչության դեմ»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ առավոտյան հատուկ ուղերձով դիմել է հայրենակիցներին:
«Այսօր առավոտյան մենք վերացրինք Ալի Լարիջանիին։ Ալի Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կազմակերպության ղեկավարն է, դա գանգստերների այն խմբավորումն է, որն իրականում կառավարում է Իրանը։ Մենք նաև վերացրինք նրա կողքին գտնվող Բասիջի հրամանատարին, սրանք գանգստերների օգնականներն են, որոնք ահաբեկչություն են տարածում Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներում բնակչության դեմ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն ասել է, թե ինքը սերտորեն համագործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նրա խոսքով, Իսրայելն օգնում է ամերիկացիներին Հորմուզի նեղուցում իրավիճակը հսկելու հարցում:
«ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս»
Մինչդեռ ինքը՝ Թրամփը, սրտնեղած է և դատապարտում է ՆԱՏՕ-ի անդամներին ու եվրոպացիներին: Նա ասում է, թե Ամերիկան այդքան օգնել է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, պաշտպանել է եվրոպացիներին, սակայն նրանք չեն արձագանքել, երբ Վաշինգտոնն է օգնություն խնդրել:
Ընդ որում, ըստ Թրամփի, դրա կարիքն արդեն չկա, քանի որ Ամերիկան և Իսրայելը կարողացել են երկուսով հարցերը լուծել:
Նրա խոսքով, եթե Իրանի վրա հարձակումը չլիներ՝ Իրանը մեկ ամսում ատոմային ռումբ կստեղծեր:
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս։ Եվ ես վաղուց եմ ասել, որ գիտեք՝ հետաքրքիր է, արդյո՞ք ՆԱՏՕ-ն երբևէ կսատարի մեզ։ Այսպիսով, սա հրաշալի քննություն էր, մենք նրանց կարիքը չունենք, բայց նրանք պետք է օգնեին մեզ»,- ասել է Թրամփը:
Մինչդեռ, ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մի շարք ազդեցիկ պետություններ նկատել են տալիս, թե այո՝ հարկ է բացառել Իրանում միջուկային զենքի ստեղծումը, սակայն սա իրենց պատերազմը չէ: