Ի՞նչ է իրենից ներկայացնում «Թվային միջնադար» նախագիծը․ արդյո՞ք այն միջնադարյան արվեստի ժամանակակից մեկնաբանությունն է, թե՞ ահազանգ է քաղաքակրթության անկման մասին։ Նախագծի հեղինակը՝ նկարիչ, երաժշտագետ Լիլիթ Մանարյանը պնդում է, որ «միջնադարը վերադարձել է»։ Մենք հայտնվել ենք ժամանակային ու թվային յուրօրինակ ծուղակում. թվում է՝ վերադարձել ենք 15-16-րդ դարեր, քանի որ բռնությունը, անմարդկայնությունն ու ազատությունների սահմանափակումը կրկին գլուխ են բարձրացրել։ Թվային գործիքների միջոցով Լիլիթ Մանարյանը հենց այս բովանդակությունն է փորձում փոխանցել՝ ժամանակակից աշխարհն ընկալելով որպես նորօրյա միջնադար։
Այս իրավիճակում փրկությունն ու փոփոխությունը, ըստ նրա, կարող է լինել մարդկային արժեքների ու ազատությունների վերադարձը՝ Վերածննդի դարաշրջանի օրինակով։
Իր գործերում, մանկական նայիվություն պահպանելով, այնուամենայնիվ, ինչպես ինքն է ասում, խոսում է լույսի, մաքուր երկնքի մասին, շեշտելով ազատության գաղափարը։ Նախագծում համադրվում են խաղն ու լեգենդները՝ փաստելով, որ մեր օրերում ևս նոր առասպելներ են ծնվում։