Երկու հոբելյան, մեկ ձայն․ Նիկողոս Թահմիզյանն ու Հանրային ռադիոն՝ 100 տարեկան․ «Արդեն 100 տարի»

Այս տարի լրանում է երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի 100-ամյակը՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրային Ռադիոյինը: Ռադիոյի ձայնային պահոցում պահպանվել է երաժշտագետի ելույթը՝ նվիրված մեծն Կոմիտասի 100-ամյակին։ Դա 1969 թվականն էր:

Նիկողոս Թահմիզյանը ծնվել է Աթենքում 1926 թվականի մայիսի 9-ին: Այնտեղ նախնական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Նիկոսիա՝ ուսանելու Մելգոնեան հռչակավոր կրթական հաստատությունում: Նիկողոսն արդեն ստացել էր Լոնդոնում յոթնամյա ուսումնառության կրթաթոշակ, երբ ընտանիքը որոշեց օգտվել հայրենադարձության հնարավորությունից, և 1946-ին նրանք տեղափոխվեցին Հայաստան:

Նիկողոս Թահմիզյանի մասնագիտական կրթության հանգրվանները դարձան նախ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի երաժշտագիտական բաժինը:

Հետագայում նա երաժշտագիտական գիտելիքներն առավել խորացրեց Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Թահմիզյանի գիտական նախապատվությունը հայ միջնադարյան երաժշտական մշակույթն էր: Ուստի պատահական չէր, որ նա աշխատանքի անցավ Մատենադարանում՝ առավել մանրակրկիտ և խորությամբ ուսումնասիրելու հայ հոգևոր երաժշտության պատմությունը, տեսությունն ու գեղագիտությունը:

Leave a Comment