Գյուղատնտեսական ռիսկերը կառավարվում են ապահովագրական համակարգով: Երկու տարվա դադարից հետո կրկին գործարկվել է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, սակայն որոշակի փոփոխություններով: Պետությունը հիմա սուբսիդավորում է ապահովագրական վճարի ոչ թե 60 տոկոսը, ինչպես նախկինում էր, այլ միայն 40 –ը:
Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները այգիները սովորաբար ապահովագրում են ցրտահարությունից ու կարկտահարությունից առանձին-առանձին, կամ ընտրում են համակցված ռիսկերի փաթեթը: Այս տարի մարզի տնտեսվարողներից քչերն են ապահովագրել իրենց մշակովի հողերը: Պատճառը ապահովագրական ընկերությունների նկատմամբ ունեցած անվստահությունն է: Հացիկ գյուղի բնակիչ Արտակ Կարապետյանը 5 հա այգի ունի։ Առաջին երկու տարում նա այգիներն ապահովագրել էր ցրտահարության և կարկտահարության դեմ, իսկ հիմա հրաժարվում է ապահովագրությունից:

«Վերջին անգամ, որ ապահովագրել էինք, ցրտահարության պահով պետք է գային, նայեին: Մենք զանգեցինք, չեկան ու մենք այդպես էլ հիասթափվեցինք: Մնաց անորոշ վիճակում և անվստահություն եղավ նրանց նկատմամբ: Հենց առաջին տարում ես ապահովագրել էի իմ այգիները, իսկ հաջորդ տարում՝ ավելի քիչ: Ծիրանն ավելի շատ ապահովագրում ենք ցրտահարության դեմ, դեղձը, սալորն ու խաղողը՝ կարկուտի: Բայց դե, խաղողին հիմա կարկտապաշտպան ցանցեր եմ անցկացրել, մի 50 տոկոսով պաշտպանում է»:
Հացիկ գյուղում կան նաև հակակարկտային կայաններ, որոնք ինչ-որ չափով պաշտպանում են այգիները: Հայկ Մարտիրոսյանը նույնպես պտղի և խաղողի 5 հա այգի ունի, բոլորն էլ բերքատու, բայց երբեք չի ապահովագրել դրանք:

«Չգիտեմ, մի քիչ վստահությունն այն չէ, էլի: Գյուղում մարդիկ ապահովագրել են իրենց այգիները, խնդիր են ունեցել թե՛ ցրտահարության, և թե՛ կարկտահարության հետ կապված, թեկուզ թեթև չափի, բայց փոխհատուցումը կարծես այն չի եղել, որը սպասելի էր: Ցրտահարություն գրեթե ամեն տարի լինում է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց լինում է»:
Գյուղատնտեսության ոլորտն ապահովագրում են վեց ընկերություններ: Սարինե Դուդակլյանը, որպես ապահովագրական գործակալ, աշխատել է նրանցից մի քանիսի հետ:

«Նախորդ տարիների համեմատ այս տարի գյուղացիների շահագրգռվածությունը շատ քիչ է: Հիմնականում ծիրանն էին ուզում ապահովագրել ցրտահարության ու կարկուտի դեմ, դեղձը՝ միայն կարկուտի: Նախորդ տարիներին, որ ապահովագրում էին ծիրանը, պետությունը սուբսիդավորում էր 60 տոկոսը, գյուղացուն մնում էր վճարել 40 տոկոսը: Իսկ այս տարի հակառակն է»:
Ապահովագրավճարի չափն ավելացել է. ծիրանի դեպքում այն կազմում է 1 մլն –ից մինչև 1մլն 400 հազար դրամ, մնացած մշակաբույսերի դեպքում վճարը համեմատաբար քիչ է՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ, իսկ խաղողի համար՝ 1մլն-ից մինչև 1.5 մլն դրամ: Գարնանային ցրտահարությունից ծիրանի, դեղձի ու խաղողի ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 27 էր, իսկ կարկտահարության դեմ՝ մարտի 20-ը: Սարինե Դուդակլյանն ասում է, որ ապահովագրության պայմանագրերը քչերն են կարդում․

«Գյուղացուն հետաքրքիր չի՝ նստի կարդա։ Ցրտահարվել է այգին՝ ինքը մտածում է, որ պիտի փոխհատուցվի, վերջ: Եթե 20-30 տարեկան ծառ է ու մինչև 350 կգ բերք չի տվել, ուրեմն համարվում է ցրտահարված ծառ: Երբ ապահովագրված է լինում այգին, գոնե քիչ, թե շատ կստանան փոխհատուցում: Այնպես չի, որ բերքը 100 տոկոսով վնասվելու է, բերք էլի ունենալու են, թեկուզ կարկտահարված ու գործարանում կիրացնեն»:
Ապահովագրվում են 4 տարեկանից բարձր տարիքի բերքատու այգիները: Կարկտահարության դեմ ապահովագրությունը դեռ շարունակվում է: Մինչև մայիսի 20–ը ապահովագրում են հացահատիկը, իսկ մինչև մայիսի 31-ը՝ խնձորի, սալորի, բալի ու կեռասի ծառերը, կարտոֆիլի, ձմերուկի ու սեխի ցանքատարածքները: