Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որոնց վերլուծությունն ու դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը եւ սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մարտի 18-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը:
Նախարարի խոսքով համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը եւ ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը:
Նախագծերով առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական եւ նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետեւյալ չափերով՝ 1 պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ օրենքի անցումային դրույթի ուժով քննարկվող հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
Հարակից զեկույցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, հորդորել է գործընկերներին օրենսդրական փաթեթին տալ դրական եզրակացություն: