Աբրահամ սրբազան․ 10 տարի առաջ եմ դիմում ներկայացրել, բայց չընդունելու որևէ պատճառ չունեմ

Աբրահամ սրբազան․ 10 տարի առաջ եմ դիմում ներկայացրել, բայց չընդունելու որևէ պատճառ չունեմ

17 մարտի 2026 – 11:24 AMT

PanARMENIAN.Net – Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը հայտարարել է, որ հանգստի անցնելու դիմումը գրել է դեռ 10 տարի առաջ, հայտնում է Factor.am-ը:

«Վերջին 10 տարին անընդհատ, և՛ գրավոր, և՛ բանավոր ասել եմ հանգստի կոչվելու ցանկության մասին»,- ասել է Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել է, որ Վայոց ձորի թեմի առաջնորդը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Սակայն հարց է առաջացել, թե ինչու Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված դիմումը բավարարվել է միայն այժմ։

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ ճշտումներ։

Իր հերթին Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ևս, այն հարցին՝ ինչու է իր դիմումին անդրադարձ կատարվել տասը տարի անց, հստակ պատասխան չի տվել։

«Հիմա փորձում եք հարցազրույց անել, արեք այսքանով բավարարվենք»,-ասել է նա։

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նաև հայտարարություն է հրապարակել իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Նա վերահաստատել է հավատարմությունը Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։

«Այս հայտարարության նպատակն է կանխել բոլոր անհարկի, սխալ մեկնաբանությունները, շահարկումները, խեղաթյուրումները: Վերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես մի քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողովների ժամանակ, դիմել և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել: Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 16 մարտի, 2026թ. – ին (գրություն 26/023): Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ ․․․․

Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ Հայ եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխումների կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցումների ու ճգնաժամի մեջ չհայտնվի: Ուստի, ի պահանջել հարկին, պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը, հատկապես եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ հայտարարությունը թվագրված է 17.03.2026, թեև հրապարակվել է մարտի 16-ին: Հոգևորականը դրա վերաբերյալ նշել է, որ հավանաբար խոսքը տպագրական սխալի մասին է։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մարտի 16-ի Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից գրավոր և բանավոր դիմումների հիման վրա: Այդ մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Leave a Comment