Լռության գույները. Լիլիթ Գուրեխյանի առաջին անհատական ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը

Փյունիկ զարգացման կենտրոնում բացվել է գեղանկարչուհի Լիլիթ Գուրեխյան-ի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Լուռ ներկայացում» խորագրով, որը բաց կլինի մինչև մարտի 20-ը։

Նկարիչը արվեստի աշխարհում է դեռ մանկուց, կրթություն ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ-ում։ Թեպետ սկզբում զբաղվել է նաև խեցագործությամբ, նրա խոսքով՝ գույներն ավելի ուժեղ են եղել և իրեն տարել են դեպի գեղանկարչություն։

Ցուցահանդեսում ներկայացված են վերջին մեկ տարվա աշխատանքները, որոնք տարբերվում են նախկին՝ էքսպրեսիոնիստական շրջանից և ստեղծված են մոդեռն սյուրռեալիզմի ոճում։ Գուրեխյանի խոսքով՝ ստեղծագործական գործընթացը սկսվում է ոչ թե կոնկրետ պատկերից, այլ զգացողությունից․ նա նախ պատկերացնում է էմոցիան, հետո միայն՝ ձևը։

«Լուռ ներկայացում» վերնագիրը կապված է լռության ու ներքին խաղաղության գաղափարի հետ։ Կտավներում պատկերված կերպարները իրական մարդիկ չեն, այլ նկարչուհու մտքից ծնված կերպարներ, որոնց միջոցով նա պատմություններ է փոխանցում դիտողին։

Ցուցադրությունում առանձնանում է «Ջազի շունչը» կտավը՝ որպես սյուրռեալիստական շարքի առաջին աշխատանք, ինչպես նաև ինքնանկարներից «Մի բաժակ լռություն»-ը, որը, հեղինակի խոսքով, ամենաշատն է արտահայտում իր ներաշխարհը։

Նկարչուհին արդեն ծրագրում է նոր ցուցահանդես՝ նոր աշխատանքներով և նոր ասելիքով։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment