Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցն է։ Գրառումը պատին տասնամյակներ առաջ է փակցվել։ Նման խորիմաստ մտքեր այստեղ էլի կան, բայց դժվար դրանք որևէ մեկին այսօր ոգեշնչեն․ անմխիթար պայմաններում ընկալումները միանգամից փոխվում են։
Արդեն երկար տարիներ այս դպրոցում ամեն ինչից կարևորը շենքի հիմնանորոգումն է։ Խարխլված պատերն ու կիսաքանդ հատակը՝ վկա։ Եվ որքան էլ փորձեն շենքը ժամանակ առ ժամանակ կարգի բերել կամ մասնակի նորոգել, մաշված, ցելոֆանապատ պատուհաններից ներս իրականությունը հնարավոր չէ քողարկել։
«Մեզ անընդհատ ասել են, որ կընդգրկվի ինչ-որ մի ծրագրի մեջ, կնորոգվի, մենք էլ համբերատար սպասում ենք»,- ասում է դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Սոֆյա Այվազյանը։ Նա 33 տարի այստեղ է աշխատում, որից տասնհինգը (2007- 2022թթ․)՝ որպես տնօրեն։
Երկարատև սպասման ու դասապրոցեսի արանքում տարբեր կազմակերպությունների ներդրումներով են փորձել սովորողների համար տարրական պայմաններ ստեղծել։ Ալավերդու տարածաշրջանում գործող հունական «Հիպոկրատ» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2007-ին զուգարաններն են բարեկարգել, կոյուղու լոկալ համակարգ կառուցել։ Մինչ այդ երեխաները դրսի փայտաշեն, կիսախարխուլ զուգարաններից են օգտվել։
Նույն ժամանակահատվածում «Վորլդ Վիժըն Հայաստանի» աջակցությամբ առաջին հարկի դասասենյակների բետոնե հատակն են տախտակապատել, որ երեխաները պաշտպանված լինեն ցրտից։ Կազմակերպությունը դպրոցին նաև գույք է տրամադրել։
Իսկ 2018-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) դպրոցի՝ ներկայում ամենագունեղ ու լուսավոր անկյունը՝ ճաշարանն է կառուցել։
«Ճաշարանի մի պատը ճեղքվում էր, բլոկներով էր պատած։ Նախկին տնօրեններից մեկն էր երկաթներով ամրացրել, որ հանկարծ չընկնի։ Ծրագրով 13,5 մետր պատ փոխեցինք։ Երբ ճաշարանն ամբողջությամբ նորոգվեց, ՄԱԿ-ի Պարենի ծրագրով արդեն մեզ նյութեր տվեցին, որ պահեստային մասն էլ նորոգենք։ Հատակը պետք է լամինատապատ լիներ, բայց քանի որ տանիքը կաթում էր, ու միանգամից կբարձրանար, կուռչեր, էդ պատճառով խնդրեցինք, որ սալիկապատում արվի»,- պատմում է Սոֆյա Այվազյանը և հավելում, որ այս ծրագրում դպրոցի միջոցներից 1 մլն դրամ ներդրում էլ իրենք են արել՝ բանվորներին աշխատավարձ վճարելով։
Այսպես հատվածական նորոգումներից հետո հերթը մի օր տանիքին է հասել, որը 2019-ի վերջին հիմնովին փոխվել է արդեն պետական միջոցներով (մոտ 17 մլն դրամ)՝ մարզի դպրոցների տնտեսումների վերաբաշխման արդյունքում։ Մինչ այդ աշակերտներից մեկը Ֆեյսբուքում դպրոցի պայմանների մասին կոշտ գրառում էր արել՝ կից լուսանկարներով։ Հետո խնդրի մասին նույն հարթակում ուրիշներն էլ գրեցին։ Թեպետ 2019-ից առաջ էլ Մեծ Այրումի դպրոցի անմխիթար վիճակին շահագրգիռ անձինք ու լրատվամիջոցները պարբերաբար անդրադարձել են։
Սոֆյա Այվազյանը նշում է, որ 2018-ի սեպտեմբերին, երբ Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը դպրոց էր այցելել, տանիքի խնդրի մասին անձամբ է տեղեկացրել նրան։
Տանիքի հիմնանորոգումը վերջին տասնամյակներում իրականացված միակ շինարարությունն էր, որն ընդգրկել է դպրոցի բոլոր երեք մասնաշենքերը։ Հետո էլի շենքի բարեկարգմանն ուղղված ծրագրեր են արվել, բայց կրկին՝ մաս-մաս։
Նորոգված տանիքին երկու տարի առաջ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ արևային վահանակ է տեղադրվել, իսկ դպրոցի տնտեսումներից գոյացած 13 մլն դրամով 2025-ի ամռանը գազիֆիկացման և մասնակի ջեռուցման համակարգ կառուցվել։ Սակայն ձմռանը դասասենյակները կրկին էլեկտրական տաքացուցիչներով ու փայտի վառարաններով են ջերմացրել․ կապույտ վառելիքը միայն մարտի սկզբին է դպրոց մտել։
«Ջեռուցման համակարգը ներառում է մի կորպուսը՝ գրադարան, ուսուցչանոց, զուգարաններ, միջանցքներ, լաբորատորիաներ, ընդհանուր 900 քառակուսի մետր տարածք»,- պարզաբանում է վարչական կառավարիչը։
Մինչև 2026 թվականը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները բնագիտական և ինժեներական լաբորատորիաներով զինելու Կառավարության ծրագիրը նաև Մեծ Այրում է հասել։ Բայց նոր գույքը, ինչպես Այվազյանն է ասում, անշուք պայմաններում տեղադրելը լավ չէր լինի․ երեխաները հաճույք չէին ստանա դրանից օգտվելիս։
Ուստի, կրկին մասնակի նորոգման գործին են անցել։ Ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանություն-քիմիայի լաբորատոր սենյակները մաքուր ու կոկիկ դարձնելը, ինչպես նաև՝ նոր պատուհաններ տեղադրելը մոտ 2,5 մլն դրամ է արժեցել։
«Սա մեզ համար մեծ ձեռքբերում էր, որովհետև և՛ ուսուցիչներն են ոգևորվել, և՛ աշակերտները, որ սենց մաքուր, կոկիկ տարածքում պիտի դաս անեն»,- անկեղծանում է նախկին տնօրենը։
Իսկ թե ինչու է տևական ժամանակ նորոգման կարիք ունեցող դպրոցում մաքուրն ու կոկիկն այսպես հատվածական, և ինչու Հայաստանում համատարած դպրոցաշինության ֆոնին այս շենքն էլ չի ընդգրկվել կապիտալ վերանորոգման որևէ ծրագրում, Սոֆյա Այվազյանը չգիտի։
«Մենք վարչությունում ունենք համապատասխան մասնագետ, որին հատուկ տեղեկագրերով հաղորդում ենք մեր ունեցած պայմանների, մեր կարիքների մասին, էդ ինֆորմացիան հավաքվում է։ Անընդհատ խոսվում է, անգամ, երբ ոչ ֆորմալ հնարավորություն է լինում, ասում ենք էս մասին։ Իրենք էլ են գալիս, տեսնում, շրջայց են կատարում։ Բայց ես հո չեմ կարա գնամ, տեսնեմ՝ ուրիշ դպրոցներում ինչ են անում ու ասեմ՝ ինչո՞ւ էնտեղ անում եք, իմ դպրոցում՝ չէ։ Մեծ համոզմունք ունեմ, որ անուշադրության չենք մատնվի, ուղղակի պետք է սպասել։ Համբերատար սպասում ենք, որ մի օր էլ մեզ ուշադրություն կդարձնեն, մեր դպրոցն էլ կբարեկարգվի»,- ասում է նա։
Մեծ Այրումի՝ երեք մասնաշենքից կազմված դպրոցը, որը շահագործման է հանձնվել 1972-ին, առաջին ու վերջին անգամ հիմնովին նորոգվել է 1988-ի երկրաշարժից հետո։ Դպրոցի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Խաչատրյանն այդ տարիներին էլ (1989-2003թթ․) ղեկավարել է դպրոցը։ Հիշում է՝ երկու տարում վերանորոգել, տեսքի են բերել ամբողջ շենքը։
1988-89 թթ.-ին Ադրբեջանի Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ջարդերից փրկված, նաև Դաշքեսանի, Շամքորի, Վարդաշենի շրջաններից տեղահանված ու Մեծ և Փոքր Այրում գյուղերում ապաստանած ընտանիքներից մոտ 160 երեխա է հաճախել դպրոց։ Այստեղ կարճ ժամանակ նաև ռուսականն բաժին է գործել:
Ռուսական բաժնի փակվելուց հետո հայերենին չտիրապետող մի քանի ուսուցիչներ ընտանիքներով հեռացել են գյուղից։ Եկվորներից շատերն էլ գնացել են՝ տեղի պայմաններին չհարմարվելով։ Հետո այստեղ ընտանիքներ են վերաբնակվել հարակից Ճոճկանից, Շնողից, Ախթալայից և այլն։ Փախստականների հաջորդ մեծ հոսքը դեպի Այրում Արցախյան առաջին պատերազմի տարիներին է եղել՝ Շահումյանից։ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից, ապա Արցախի հայաթափումից հետո այստեղ էլի ընտանիքներ են հաստատվել։
«Մնացողները մնացել են, հիմնավորվել, էլ ո՞ւր պիտի գնան։ Հիմա 97 աշակերտ ունենք, որից 13-ը Փոքր Այրումից է գալիս։ Մեքենայով բերում, տանում են, ճանապարհածախսն ամեն ամիս տրվում է, ինչպես հեռվից եկող ուսուցիչներինը։ Աշակերտների թիվը 100-ի սահմանում պիտի որ պահպանվի, էս տարի 2 հոգի ավարտում է, տասը երեխա սեպտեմբերին գալու է։ Միջինը 9-10 երեխա գալիս է», – ասում է փոխտնօրենը։
Մեծ Այրումի միջնակարգ դպրոցում համակցված դասարաններ չկան։ Ըստ Խաչատրյանի՝ փոքրաթիվ են (2-5 աշակերտ) հիմնականում ավագ դասարանները, ինչը նա պայմանավորում է սովորողների՝ կրթությունը միջին մասնագիտական ուսհաստատություններում շարունակելու հանգամանքով։ Ցածր դասարաններում միջինը 10 աշակերտ է սովորում։
Չդասավանդվող առարկաներ չունեն, բայց երեք թափուր հաստիք կա։ Ինֆորմատիկան, աշխարհագրությունն ու անգլերենը ժամանակավոր մասնագետներ են պարապում, որ դասերը բաց չմնան։ Արդեն երեք տարի թափուր է նաև տնօրենի պաշտոնը։
Էդիկ Խաչատրյանը կրթության կազմակերպման գործընթացում խնդիրներ չի առանձնացնում, բայց համաձայն է՝ շենքային պայմանները լավը չեն։
Լոռու մարզում նախորդ և ընթացիկ տարում դպրոցաշինության ծրագրերով 21 դպրոց է կառուցվել (որոշները դեռ ընթացքի մեջ են) և ևս 21-ը՝ վերանորոգվել/վերանորոգվում։ Դրանց շարքում Մեծ Այրումի միջնակարգը չկա։ Այն դեպքում, երբ վերակառուցվող որոշ դպրոցներից ավելի վատ վիճակում է։
«Հետքի» գրավոր հարցմանը, թե ինչպես է որոշվում՝ տվյալ դպրոցը քանդման կամ հիմնանորոգման ենթակա՞ է, թե ոչ, Լոռու մարզպետարանից չեն պատասխանել։ Հայտնել են միայն, որ նախորդ տարեվերջին մարզպետը գրությամբ առաջարկել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ քննարկել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը ներառելու հնարավորությունը։
Հիմնանորոգվող դպրոցների ցանկից դուրս մնացած Մեծ Այրումի միջնակարգը չկա նաև ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմված կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված դպրոցների ցանկում։ Դրանք հանրապետության՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են, որ միանալու են իրենց հարևան բնակավայրում գործող ավելի լավ պայմաններով դպրոցներին։
Լոռիում այս ուսումնական տարում մինչև 100 աշակերտ ունեցող 61 դպրոց կա, բայց դրանց միավորման վերաբերյալ, ինչպես մարզպետարանից են տեղեկացնում, այս պահին որևէ հարց չի քննարկվում։ Այնինչ դպրոցներում դեռ նախորդ տարվանից գիտեն՝ միավորվելու են, թե ոչ։
«Ես պաշտոնական գրությամբ իրազեկված եմ՝ կան հատուկ ցուցակներ, որտեղ նշված են այն դպրոցները, որոնք մտնում են կլաստերի մեջ։ Մենք այդ կլաստերների մեջ չկանք։ Թե ինչ որոշում կկայացնեն ժամանակի ընթացքում, չգիտեմ»,- ասում է Մեծ Այրումի դպրոցի վարչական կառավարիչ Սոֆյա Այվազյանը։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Խաչատրյանն էլ, որ տասնամյակից ավելի նաև Ճոճկանի դպրոցն է ղեկավարել, նշում է․ «Թեման շոշափվում է, ես գիտեմ, որ Քարկոփն անպայման գալու է Ճոճկան, բայց Այրումի մասին չգիտեմ, երկու գյուղ է՝ Փոքր և Մեծ Այրում, հնարավոր է՝ դպրոցը թողնեն»։
Այն, որ Քարկոփը գնալու է Ճոճկան, դեռ նախորդ տարվանից Քարկոփի 46 աշակերտով դպրոցում էլ գիտեն։
«Այո, կլաստերային ենք, կառավարության որոշումով միացող դպրոց»,- «Հետքին» հայտնեց տնօրեն Մարինե Ղումաշյանը։
Ճոճկանը Քարկոփից 4-5 կմ է հեռու, նույնքան էլ՝ Այրումից։ Այստեղ զրոյից նոր դպրոց է կառուցվում, թեև գործող շենքը 2005-ին հիմնովին նորոգվել է։ 3548 քառակուսի մետր մակերեսով կառույցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ներկայում սովորողների թիվը 238 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter