Արմեն Սաքապետոյանի գործով դատարանում քննարկվել են հաշվարկների անհամապատասխանություններն ու գույքի գործարքները

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, նախագահությամբ դատավոր Լիլի Դրմեյանի, մարտի 16-ին կայացած դռնբաց դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։

Նիստի սկզբում դատարանը քննարկեց լրատվամիջոցի մասնակցության հարցը և բավարարեց ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով նիստի տեսանկարահանումը։

Հիշեցնենք, որ նախորդիվ դատական նիստի սկզբում Դատարանը որոշել էր նիստն անցկացնել դռնփակության պայմաններում։ Հիշատակելով  Iravaban.netի համապատասխան հրապարակումը, դատավոր Լիլի Դրմեյանը նշեց, որ նախորդ դատական նիստը անցկացվել էր դռնփակ պայմաններում, քանի որ դատարանը դատավարության մասնակիցների վարքագծում նկատել էր որոշակի անբնական դրվագներ, որոնք պայմանավորված էին լրատվամիջոցի ակտիվ մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ դատարանը կարևորեց լրատվամիջոցների դերը հանրային վերահսկողության և արդարադատության նկատմամբ վստահության ձևավորման գործում։

Դատական նիստում շարունակվեց նախորդ նիստերում բարձրացված հարցերի քննարկումը, որոնք վերաբերում էին գործով ներկայացված փաստաթղթերին և հաշվարկներին։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հարցեր ուղղեց հայցվոր կողմին՝ կապված Մալբրի էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված փաստաթղթերի հետ։ Նա հետաքրքրվեց, թե որտեղ է գտնվում ներկայացված փաստաթղթի բնօրինակը։ Ի պատասխան նշվեց, որ էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացվող փաստաթղթերը համարվում են բնօրինակ, քանի որ դրանք ստեղծվում են հենց համակարգում։ Նշվեց նաև, որ պետական կառավարման համակարգում աստիճանաբար իրականացվել է անցում թվային ստորագրության, որի կիրառման կարգը սահմանվել է կառավարության կողմից։

Քննարկման ընթացքում նաև նշվեց, որ տեխնիկական խափանման դեպքերում փաստաթղթերը կարող են ստորագրվել ձեռագիր եղանակով՝ համապատասխան կարգավորումներով։ Սակայն պատասխանող կողմը հակադարձեց, որ էլեկտրոնային ստորագրության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները չեն կարող կիրառվել տվյալ դեպքում, քանի որ քննարկվող փաստաթուղթը ստորագրված է ձեռագիր եղանակով, ոչ թե թվային ստորագրությամբ։ Պատասխանող կողմը նաև մտահոգություն հայտնեց, որ փաստաթղթի բնօրինակի բացակայությունը կարող է խնդիր առաջացնել գործի հիմքերի գնահատման հարցում։

Դատական նիստում քննարկման առարկա դարձան նաև հայցադիմումում ներկայացված հաշվարկները։ Պատասխանող Արմեն Սաքապետոյանը նշեց, որ հայցադիմումում առկա են թվաբանական անհամապատասխանություններ։ Նրա խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ 21 տարվա ընթացքում բանկային հաշիվներին մուտք է եղել 24 միլիոն դրամ, որից 96 միլիոն դրամը դիտարկվել է որպես ապօրինի եկամուտ, ինչը, ըստ նրա, մաթեմատիկորեն անհնար է։

Ի պատասխան՝ հայցվոր կողմը նշեց, որ խոսքը տեխնիկական վրիպակի մասին է, որը չի ազդում ընդհանուր հաշվարկի վրա։ Հետագայում ներկայացվեց ճշգրտված տվյալը, ըստ որի ընդհանուր գումարը կազմում է 243 միլիոն 632 հազար 468 դրամ, որից 22 միլիոն 67 հազար 761 դրամը համարվել է ապօրինի եկամուտ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հաշվարկների ներկայացման ձևին։ Պարզվեց, որ հայցադիմումում ներկայացված են ամփոփ տվյալներ, իսկ հաշվարկների մանրամասները պահպանվում են առանձին Excel աշխատանքային ֆայլում։ Պատասխանող կողմը մատնանշեց, որ հայցադիմումի և աշխատանքային ֆայլի միջև առկա են որոշակի հակասություններ։ Ի պատասխան՝ հայցվոր կողմը պարզաբանեց, որ հայցադիմումում բոլոր հաշվարկների մանրամասները ներկայացնելը չափազանց ծավալուն կլիներ, և այդ պատճառով դրանք ամբողջությամբ ներառված են աշխատանքային ֆայլում։

Դատարանը կողմերին հորդորեց ներկայացնել կոնկրետ դիտարկումներ և նշել այն հաշվարկները, որոնք իրենց կարծիքով սխալ են, այլ ոչ ընդհանուր ձևակերպումներ անել հաշվարկների անհիմն լինելու վերաբերյալ։

Դատական նիստում քննարկվեց նաև անշարժ գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված մի գործարք։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2021 թվականին Հայկ Սարգսյանը ձեռք է բերել Միկոյան շենքում գտնվող տարածք 31 միլիոն 825 հազար 904 դրամով, որից 26 միլիոն 641 հազար 867 դրամը համարվել է օրինական, իսկ մոտ 5.2 միլիոն դրամը՝ ապօրինի։ Նշվեց նաև, որ նույն գույքը հետագայում վաճառվել է 33 միլիոն 762 հազար դրամով, և հայցվոր կողմը այդ գումարը դիտարկել է որպես ամբողջությամբ օրինական։

Դատարանը հարց բարձրացրեց, թե ինչպես կարող է վաճառքի ամբողջ գումարը համարվել օրինական, եթե գույքի ձեռքբերման ժամանակ դրա մի մասը գնահատվել է որպես ապօրինի միջոցներով ձեռք բերված։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի գործարքի ժամանակագրությանը։ Նշվեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին կնքվել է պայմանագիր մոտ 31 միլիոն դրամ արժեքով գույքի ձեռքբերման վերաբերյալ, սակայն վճարումը կատարվել է սեպտեմբերի 7-ին, մինչդեռ գույքը վաճառվել է սեպտեմբերի 2-ին։ Այսինքն՝ գույքը օտարվել է վճարումից մի քանի օր առաջ։ Պատասխանող կողմը նշեց, որ նման իրավիճակում անհրաժեշտ է պարզել վճարման իրական ժամանակը, քանի որ հենց այդ տվյալից է կախված գույքի օրինականության կամ ապօրինության գնահատումը։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման հետ կապված իրավական հարցեր։ Մասնավորապես՝ կողմերը վիճեցին այն հարցի շուրջ, թե օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները երբ պետք է դատախազությանը փոխանցեն ապօրինի գույքի վերաբերյալ տվյալները։ Օրենքի համաձայն՝ նման տեղեկությունը պետք է փոխանցվի 10-օրյա ժամկետում, սակայն կողմերը տարբեր կերպ մեկնաբանեցին, թե այդ ժամկետը երբ է սկսվում՝ օպերատիվ միջոցառումների ավարտի պահից, թե այն պահից, երբ մարմինը տեղեկանում է ուսումնասիրություն սկսելու հիմքի մասին։

Դատախազության ներկայացուցիչը նաև ներկայացրեց դիրքորոշում, ըստ որի ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները վկայում են, որ մի շարք ֆիզիկական անձանց անունով գրանցված գույքերի իրական շահառուն Արմեն Սաքապետոյանն է։ Պատասխանող կողմը պահանջեց ներկայացնել կոնկրետ օրինակներ և հղումներ, թե որ գույքերի կամ գործարքների դեպքում է խոսքը իրական շահառու լինելու մասին։

Նիստի ավարտին դատարանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կողմերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և պայմանագրեր։ Դատարանը նաև հայտարարեց, որ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին, ժամը 10։00-ին։

 

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment