Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին

Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին

Ամերիկահայ կինոռեժիսոր Մադլեն Շարաֆյանը «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայներ Վարդուհի Թորոզյանի ստեղծած Jocund ապրանքանիշի զգեստով։ 

Շարաֆյանը, որը «Pixar» ստուդիայում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ նկարահանած առաջին հայ ռեժիսորն է, երկրորդ անգամ է առաջադրվել «Օսկար» մրցանակի։ «Էլիո» անիմացիոն ֆիլմը նա համատեղ նկարահանել է Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ։ Այսպիսով, Շարաֆյանը դարձել է առաջին հայը և «Pixar»-ի պատմության մեջ լիամետրաժ ֆիլմ նկարահանած երրորդ կին ռեժիսորը։

Համագործակցությունը նաև արտացոլում է Rien-à-Porter հարթակի հիմնական գաղափարը՝ «տեղականը նոր շքեղություն է» սկզբունքը։ Հարթակը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից դիզայնը՝ համագործակցելով ընտրված հայ դիզայներների հետ և նրանց ներկայացնելով ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանի Պուշկինի 35 հասցեում գործող իր հիմնական տարածքում։

Թորոզյանի խոսքով՝ զգեստը ոչ միայն ընդգծում է Շարաֆյանի արտաքին գեղեցկությունը, այլև արտահայտում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք նա ներկայացնում է որպես ստեղծագործող։

Այս ելույթով հայկական կինոն, նորաձևությունն ու մշակութային ստեղծարարությունը միավորվել են «Օսկար»-ի բեմում՝ հայկական դիզայնը ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հարթակներից մեկում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment