Դատական իշխանության հետ կապված նախատեսվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն. Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, առաջիկայում այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և համանուն խորհրդարանական խմբակցությունում։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-նշել է նախարարը:

Նախարարը հստակեցրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին, իսկ տեքստը մշակել են այդ դրույթների վրա։ Նրա խոսքով՝ մոտեցումը հետևյալն է՝ կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա:

«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,-ասել է Գալյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն: Նաև որպես սկզբունք նախատեսվելու է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա։

Leave a Comment