Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում 77 կգ քաշային, 19-ամյա Սամվել Տերտերյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ գոտեմարտն անցել է չափազանց լարված և համառ պայքարում։ Հայ ըմբիշի և Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Գրիգորևի դիմակայությունն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն առաջին արդյունավետ գործողության կանոնի համաձայն՝ հաղթանակը շնորհվել է մրցակցին։
Հայաստանի երիտասարդական հավաքականի համար այս մրցումային օրը ևս մեկ մեդալով է նշանավորվել. 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը հաջողությամբ է ավարտել իր ելույթները՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Երրորդ տեղի համար պայքարում նա ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին։
Մեր հավաքականն ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։