«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ պահանջելով պարզել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ 2017 թվականին հարուցված քրեական գործի կարճման հանգամանքները։
Խոսքը, ըստ պարբերականի, վերաբերում է արգելված նյութերի ենթադրյալ պահման և օգտագործման վերաբերյալ վարույթին:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2017 թվականին Հովհաննիսյանի մեքենայից հայտնաբերվել էր 0,24 մգ արգելված նյութ, ինչից հետո նա ձերբակալվել էր, սակայն գործը կարճվել էր հնարավոր պաշտոնեական միջամտության արդյունքում:
Պարբերականը փորձել է պարզաբանում ստանալ իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր ապօրինի միջամտությունների վերաբերյալ։
Դատախազությունից հայտնել են, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Հաղորդման համար հիմք է հանդիսացել մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցը։
Դրա ընթացքում լրագրողը հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու չի վերաբացվում Հովհաննիսյանին առնչվող 2017 թվականի վարույթը, երբ վերջին տարիներին բազմաթիվ այլ քրեական գործեր վերանայվում են։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր, որ հարցը հնչեցվել է ուղիղ եթերում, և դրանով իսկ հրավիրել էր իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ փաստի վրա։
